ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել՝ կապված Պոլտավայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։
«Ես խստորեն դատապարտում եմ այս սարսափելի հարձակումը», - ասել է Բայդենը։ «Այս հարձակումը ողբերգական հիշեցում է, որ Պուտինը շարունակում է ազատ ժողովրդի կամքը կոտրելու իր նողկալի փորձերը»։
Բայդենը շարունակել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի կանգնել Ուկրաինայի կողքին և նրան տրամադրել ռազմական օգնություն, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։
Երեքշաբթի առավոտյան ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Պոլտավայում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական կենտրոնին, մասամբ ավերվել է Կապի ինստիտուտի շենքերից մեկը։
Վերջին տվյալներով՝ զոհվել է 51, վիրավորվել՝ 271 մարդ։ Հարվածն իրականացվել է երկու բալիստիկ հրթիռներով, հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից։
Հարվածի հետևանքով տասնյակ զինվորականներ են զոհվել, ասվում է Ուկրաինայի ցամաքային զորքերի հաղորդագրության մեջ։





























