Ռուսական բանակի առաջնահերթ նպատակը Դոնբասի «ազատագրումն» է, այլ ոչ թե Ուկրաինայի Զինված ուժերի կողմից գրավված Կուրսկի շրջանի տարածքները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է The Moscow Times-ը։
Նրա խոսքով, ներխուժելով Կուրսկի շրջան՝ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են ստիպել ռուսական կողմին «նյարդայնանալ, աղմուկ բարձրացնել, զորքեր տեղափոխել մի տարածքից մյուսը և դադարեցնել մեր հարձակումը առանցքային ուղղություններով, առաջին հերթին՝ Դոնբասում»։
Այնուամենայնիվ, վերապատրաստված ստորաբաժանումներ տեղափոխելով Կուրսկի շրջան, «թշնամին թուլացավ», և ռուսական բանակը արագացրեց հարձակողական գործողությունները: «Նման տարածքային ձեռքբերումներ վաղուց չեն եղել»,- ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ դրանք «հաշվարկված են քառակուսի կիլոմետրերով»։ Ավելին, Պուտինը խոստովանել է, որ կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստների պատճառով Դոնբասի ուկրաինական ճակատը կարող է փլուզվել։
Պուտինը նաև նշել է, որ ռուսական բանակը ուկրաինական զինված ուժերի ներխուժումից մեկ ամիս անց «կայունացրել է իրավիճակը» Կուրսկի շրջանում և սկսել է «աստիճանաբար դուրս մղել» ուկրաինական զորքերին։ «Զինված ուժերի սուրբ պարտքն է անել ամեն ինչ՝ թշնամուն այս տարածքներից դուրս շպրտելու և մեր քաղաքացիներին հուսալիորեն պաշտպանելու համար»,- հավելել է Պուտինը։
Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ին ներխուժել են Կուրսկի շրջան և կարողացել են գրավել մոտ 1300 քառակուսի կմ տարածք, ինչպես նաև մոտ 100 բնակավայր, հայտնել է ուկրաինական բանակի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Իր հերթին, ռուսական բանակը, ըստ ուկրաինական DeepState նախագծի, արագացրել է իր առաջխաղացումը Դոնբասում, եթե հունիսին և հուլիսին ռուսական բանակը գրավել է 5-10 քկմ օրական, ապա օգոստոսի կեսերին՝ արդեն 15-20 քառ. կմ.
Միաժամանակ ռուսական բանակը մոտեցել է Պոկրովսկին՝ առանցքային նյութատեխնիկական ապահովման կետին, որով մատակարարվում է Դոնեցկի մարզում գտնվող ուկրաինական խմբավորումը։ «Այժմ Դոնեցկի շրջանի կենտրոնական հատվածի ողջ ճակատը փլուզման վտանգի տակ է», - նշել է Bild-ի ռազմական դիտորդ Յուլիան Ռոպկեն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես Պոկրովսկի մերձակայքում իրավիճակը «չափազանց ծանր» է անվանել։ Մինչ այս Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին 20 հազարանոց քաղաքից և հարակից գյուղերից բնակչության տարհանման մասին։





























