Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 37 հարց:

Հարցերից երեքը վերաբերում են ավագանու ընդդիմադիր անդամներ Գրիգորի Երիցյանին, Անուշ Խուդավերդյանին,  Անուշ Գինոսյանին լիազորություններից զրկելուն։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը նշել է, որ սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի։

Նա առաջարկեց իր լիազորությունների դադարեցման մասին նախագիծը հանել օրակարգից, պահանջեց իրավապահ մարմիններից պարզել, թե ինչպես այդ հիմնավորումը տեղ գտել նախագծում։

«Նախագիծը ոչ միայն կեղծ է, այլև արատավորում է իմ՝ որպես ավագանու անդամի, որպես անձի համբավն ու հեղինակությունը»,-ասաց Երիցյանը:

Քվեարկության արդյունքում Երիցյանի՝ նախագիծն օրակարագից հանելու առաջարկը չընդունվեց։ Չընդունվեցին նաև «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ՝  Անույշ Խուդավերդյանին,  Անուշ Գինոսյանին լիազորություններից զրկելու վերաբերյալ նախագիծն օրակարգից հանելու առաջարկները։

Երիցյնը դիմեց այդ նախագիծը ամբիոնի մոտ ներկայացնող Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարատ Թոխյանին. «Հիմա դուք չե՞ք ամաչում, որ ստում եք ամբիոնից, ի՞նչ է արել ձեզ Ավինյանը, որ այս ամոթալի բանը բերել եք ու այդտեղից պաշտպանում եք:

Փաշինյանը որ ասում է, որտեղ հաց, այնտեղ կաց, ձեր հացը քաղաքապետարանո՞ւմ է, որ չեք կարողանում բարոյականությամբ առաջնորդվեք։ Ավինյանը ձեզ ասել է, նախագիծ կազմեք, ինչի՞ չեք կազմել պատշաճ նախագիծ, դու իրավաբա՞ն եք, գուցե Ձեր լեզվի իմացությունը չի հերիքում։ Չե՞ք ամաչում, պարոն Թոխյան»:

Ի պատասան Թոխյանը հայտարարեց. «Դուք պետք է ամաչեք, քանի որ հարցն էլի մանիպուլացնում եք»։