Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրազիլական Metropoles պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բրազիլիայի և Չինաստանի կառավարությունների առաջարկած խաղաղության ծրագիրն ավելի շուտ բխում է Ռուսաստանի շահերից և անընդունելի է Կիևի համար։
«Ցավոք, ես կարծում եմ, որ [բրազիլա-չինական նախաձեռնությունները] ավելի ռուսամետ են»,-նշել է Զելենսկին։
Նա հավելել է, որ դրա մասին անկեղծորեն հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու «Լուլա» դա Սիլվային։
Չինաստանն ու Բրազիլիան Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման իրենց առաջարկները հրապարակել են այս տարվա մայիսի վերջին։ Նրանք հայտարարել են, որ հակամարտությունը դադարեցնելու միակ ճանապարհը բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ խաղաղ բանակցությունների անցկացումն է։
Այս շաբաթ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Բրազիլիայի և Չինաստանի նախաձեռնությունը։
«Կարծում եմ՝ այս նախաձեռնությունն ավելի ու ավելի մեծ աջակցություն է վայելում գլոբալ Հարավում»,-նշել է Ռյաբկովը RT-ին տված հարցազրույցում:
Զելենսկին նշել է, որ այս «խաղաղության ծրագիրը» համաձայնեցված չի եղել Ուկրաինայի հետ, և Կիևը Ռուսաստանի հետ իր տարածքների հարցում չի կարող որևէ փոխզիջման գնալ։
«Նա [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] մտավ, մարդկանց սպանեց, տարածքներ գրավեց, իսկ հիմա Լուլան ասում է՝ «Եկեք թողենք՝ նրանք խոսեն»։ Ես պարզապես կարող էի խոսել Լուլայի հետ: Որովհետև Լուլան իմ թշնամին չէ»,-ասել է Զելենսկին։





























