Երեւանի Ուլիսն այս տարի առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը` երկրորդ տեղում թողնելով երկրի բազմակի չեմպիոն Փյունիկին: Թիմն ամբողջ առաջնության ընթացքում ցուցադրեց հավասար եւ կայուն խաղ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  չեմպիոնական մրցաշրջանի գնահատականը տվել են թիմի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը, ավագ Դավիթ Գրիգորյանը եւ թիմի պետ Սլավա Սարգսյանը:

«Ակումբի համար նշանակալի մրցաշրջան էր: Ակումբը հասավ մեծ հաջողության: Բարձրագույն խմբում չեմպիոնական մեդալները նվաճեց Ուլիսը, իսկ առաջին լիգայում հաղթանակ տարավ Շենգավիթը: Արդար խաղի համար ստացած մրցանակը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Ուլիսը ցուցադրել է չեմպիոնական խաղ: Առաջնության մեկնարկից առաջ Ուլիսի առջեւ խնդիր էր դրվել նվաճել առաջին տեղը, Հայաստանի գավաթը, նաեւ հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման փուլի գոնե մեկ շրջան: Մենք դարձանք չեմպիոն` չլուծելով մյուս երկու խնդիրները: Չնայած դրան, ես ուրախ եմ, որ Ուլիսը դարձավ չեմպիոն, ինչն ամբողջ ակումբի կատարած հսկայական աշխատանքի արդյունք է: Ես շնորհակալ եմակումբի ղեկավարությանը, ֆուտբոլիստներին եւ թիմի ամբողջ աշխատակազմին»,- հայտարարեց Սեւադա Արզումանյանը:

Ուլիսի ավագ Դավիթ Գրիգորյանը արդեն մտածում է հաջորդ մրցաշրջանի մասին, որը նույն մակարդակով անցկացնելն ավելի բարդ կլինի. տիտղոս պաշտպանելը միշտ ավելի բարդ է, քան նվաճելը:

«Երբ թիմը դառնում է չեմպիոն` հասկանալի է, որ արդյունքը գերազանց է: Ուլիսն առաջին անգամ հասավ նման հաջողության` կայուն անցկացնելով ամբողջ առաջնությունը: Սա ամբողջ թիմի եւ ակումբի աշխատանքի պտուղն է: Մենք ձգտում էինք դառնալ չեմպիոն եւ դրա համար արեցինք հնարավոր ամեն ինչ: Հաջողությունը կա, սակայն բավարարվել դրանով չարժի: Մեզ արդեն սպասում է չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու խնդիր»,- նշեց Դավիթ Գրիգորյանը:

Թիմի պետ Սլավա Սարգսյանը թիմի գլխավոր արժեք է համարում համախմբվածությունը:  Կոլեկտիվ մոտեցումն ու երիտասարդներին տեղ տալը եւս հաջողության գրավականներից են:

«Մրցաշրջան – 2011-ը Ուլիսի համար հաջող դասավորվեց: Ցանկանում եմ նշել, որ թիմը նման հաջողության հասավ համախմբվածության շնորհիվ: Դա վերաբերում է ոչ միայն խաղացողներին, այլ նաեւ մարզիչներին եւ ակումբի բոլոր աշխատակիցներին: Բացի այդ, մեր հաջողության համար հիմք դարձավ կարգապահությունը: Թիմում չկան ընդգծված առաջատարներ: Ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, եւ մենք ունենք շատ լավ ու առողջ կոլեկտիվ: Նշեմ, որ մենք զուգահեռ ակտիվ աշխատում ենք Առաջին լիգայում եւ դրա արդյունքը եղավ Շենգավիթի առաջին տեղը, նաեւ այն, որ մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ արդեն մոտ են Բարձրագույն խմբում հանդես գալուն»,- ամփոփեց Սլավա Սարգսյանը:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը

Լուսանկարը` uefa.com