Սահմանափակումները, որոնք Արևմուտքն իր վրա դրել է Ուկրաինային աջակցելու հարցում, միայն արտացոլում են նրա վախը, թուլությունը և անվճռականությունը, որոնք բոլորն էլ խթանում են ագրեսորին:

Դրա մասին Politico-ի սյունակում գրել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։

Էստոնիայի նախագահը հիշել է Բեռլինի պատի փլուզումից և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների անկախացումից հետո հույսի ժամանակը։

«Բայց տևական խաղաղության մեր հույսերը և Եվրոպայում պատերազմի անհնարինության վերաբերյալ մեր հավատը սնանկ դուրս եկան: Այժմ թվում է, թե դժոխքը դատարկվել է, և սատանաներն ազատ են արձակվել, ինչպես 20-րդ դարի չար ստվերները՝ ստալինյան գաղտնի դաշնագրերի, ազդեցության ոլորտների և միջազգային իրավունքի փոխարեն բիրտ ուժի կարոտ մարմնավորող արնախում հրեշներն ջրի երես են ելել»,-ընդգծել է Էստոնիայի նախագահը:

Նրա  համոզմամբ՝ այս դժվարին պահին հենց Արեւմուտքն է իր համար գծեր գծել, որոնք միայն ավելի են խորացնում խնդիրը։

«Այս աշխարհաքաղաքական ճգնաժամում, որն ամենամեծն է տասնամյակների ընթացքում, պետք է բարձր պահենք մեր գլուխներն ու հեռառես լինենք: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը սև ու սպիտակ է. ագրեսորը Ռուսաստանն է, զոհը՝ Ուկրաինան»,- շեշտել է Էստոնիայի նախագահը։

Ռուսաստանի մտադրությունների մասին ենթադրություններ անելով՝ արևմտյան երկրները սեփական պատը կառուցեցին, պնդում է Կարիսը։ «Մենք գիծ քաշեցինք՝ հավատալով, որ այն հատելը կնշանակի լարվածության սրացում։

Դա ճիշտ չէ: Մեր վախն արդարացված չէ... Այն սահմանափակումները, որոնք մենք դրել ենք մեզ համար, բազմիցս վարկաբեկվել են։ Դրանք միայն արտացոլում են մեր վախը, թուլությունն ու անվճռականությունը՝ այս ամենը սնում է ագրեսորին, քաջալերում, մեծացնում նրա ախորժակը»,- ​​համարում է Էստոնիայի նախագահը։ Նա ընդգծել է, որ սահմանափակումներն անարդար են, անբարոյական և վնասակար։

Կարիսը հիշեցրել է 1987 թվականին Ռոնալդ Ռեյգանի ելույթը Բեռլինում, որտեղ նա դիմում էր պատի պահապաններին պարզ, բայց հզոր ուղերձով. «Քանդիր այս պատը»: Եվ երկուսուկես տարի անց՝ 1989 թվականի նոյեմբերի 9-ին, բեռլինցիները դա արեցին։

«Տասնամյակներ անց մենք ինքներս պարադոքսալ կերպով պատ ենք կառուցում՝ ստիպելով Ուկրաինային սեփական ճակատամարտը մղել դրա համար՝ ոտքերը քարշ տալով, բախվելով ռուսական նոր հարձակումներին և ամեն օր ավելի շատ զոհեր տալով: Այսպիսով, վերաձևակերպելով Ռեյգանին, ես ասում եմ բոլորիս. Եկեք քանդենք սահմանափակումների այս պատը»,– գրել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։