Ուկրաինայի Զինված ուժերը Կուրսկի մարզի մի մասը հավանաբար առնվազն ևս մի քանի ամիս կպահի իր վերահսկողության տակ, և դա կարող է գործոն դառնալ Մոսկվայի հետ բանակցություններում, հայտնել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները։

Նրանք նշել են, որ ուկրաինական ուժերը դեռևս որևէ խնդրի չեն հանդիպել ռուսական տարածքում իրենց խմբավորման մատակարարման հարցում։ Իր հերթին ռուսական զորքերը միայն սահմանափակ հակագրոհներ ձեռնարկեցին՝ Կուրսկի մարզի ազատագրման փոխարեն կենտրոնանալով Դոնբասի գրավման վրա։

Մոտ ապագայում Ռուսաստանի օկուպացված տարածքում Ուկրաինայի զինված ուժերին լրացուցիչ աջակցություն կլինի հրետանային զինամթերքի ավելի կայուն մատակարարումը, նշել են ամերիկացի պաշտոնյաները։ Ներկա պահին Կիևը որոշում է, թե ինչպես լավագույնս կազմակերպել պաշտպանությունը ձմռանը, միաժամանակ սկսում է ռազմական գործողություններ ծրագրել հաջորդ տարվա համար, ներառյալ՝ նոր բրիգադների ներգրավմամբ, նշել են Bloomberg-ի զրուցակիցները։

Ուկրաինայի՝ օգոստոսի 6-ից մեկնարկած անսպասելի ներխուժումը Կուրսկի մարզ  տպավորել է Կիևի արևմտյան դաշնակիցներին։ Սակայն որոշ ամերիկացի պաշտոնյաներ կարծում էին, որ նման գործողության արժեքը կարող է չափազանց բարձր լինել, եթե Ռուսաստանը հակահարձակում ձեռնարկի և արագ դուրս մղի ուկրաինական զորքերը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը կարող է օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի գրաված տարածքը որպես սակարկության առարկա ապագա բանակցություններում։ Սակայն ռուսական իշխանությունները բացառել են Կիևի հետ երկխոսության հնարավորությունը, քանի դեռ ռուսական զորքերը Կուրսկից դուրս չեն մղել ուկրաինական ուժերին:

Ընդհանուր առմամբ, ներխուժման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել մոտ 1300 քառ. կմ տարածք և մոտ 100 բնակավայր։ Դրանից հետո ռուսական բանակը հակահարձակման փորձ կատարեց և հայտարարեց տասը գյուղերի ազատագրման մասին։

Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց, որ ռուսական բանակի առաջնային նպատակը մնում է Դոնբասի «ազատագրումը», որտեղ «թշնամին ինքն իրեն թուլացրել է»։ Միաժամանակ նա Կուրսկի մարզից «թշնամուն դուրս շպրտելը» զինվորականների «սրբազան պարտքն» է անվանել: