ՌԴ Չելյաբինսկի մարզի ղեկավար Ալեքսեյ Տեկսլերը խորհրդակցություն է անցկացրել Կորկինո քաղաքի իրավիճակի վերաբերյալ, որտեղ հոկտեմբերի 24-ից շարունակվում են անկարգությունները կին տաքսիստ Ելենա Մանժոսովայի սպանության հետ կապված, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Կասկածվողը 17-ամյա գնչու է։

Խորհրդակցությունում նահանգապետը հանձնարարել է «սոցիալացնել գնչուներին» եւ շուրջկալներ իրականացնել։

Նահանգապետի հանձնարարությունների ցուցակը հրապարակվել է տարածաշրջանի կառավարության մամուլի ծառայությունում։

«Անհանգստացած եմ Կորկինոյի մունիցիպալ օկրուգի վարչակազմի գործունեությունից»,- ասել է Տեկսլերը։ Նրա խոսքով՝ տեղի իշխանությունները «պետք է դասեր քաղեն այս իրավիճակից»։

Նահանգապետի հանձնարարություններից մեկը «գնչուների սոցիալացումն» է։ Այս հարցը հանձնարարված է կրթության տարածաշրջանի նախարարությանը եւ վարչակազմին։ Նրանք պետք է Տեկսլերին ներկայացնեն իրենց առաջարկներն այս հարցի վերաբերյալ։

Նահանգապետը նաեւ հանձնարարել է շուրջկալներ կազմակերպել քաղաքում։

Կորկինոյում անկարգություններն սկսվել են 40-ամյա Ելենա Մանժոսովայի սպանությունից մեկ օր հետո, որի մարմինը գտել են դանակի վիրավորումներով։ Տեղի բնակիչները տներ են հրկիզել, շրջել մեքենաներ, կոտրել ապակիներ այն շրջաններում, որտեղ ապրում են սփյուռքի ներկայացուցիչեր։ Անկարգությունների հետեւանքով երկու տղամարդ հրազենային վիրավորումներ է ստացել։ Նրանց վրա կրակողը ձերբակալվել է։

Կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է 17-ամյա մի գնչու։ Քննության վարկածով՝ վարորդի եւ ուղեւորի միջեւ վեճ է սկսվել, որի հետեւանքով վերջինը դանակի չորս հարված է հասցրել վարորդի կրծքին։