Հոկտեմբերի 28-ի գիշերը ուկրաինական անօդաչուները գրոհել են երկու արդյունաբերական ձեռնարկություն Վորոնեժի մարզում, տեղեկացրել է նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը։

Shot թելեգրամ-ալիքի տվյալներով՝ հարվածի տակ են ընկել սպիրտի երկու գործարաններ։ Անինյան շրջանում, որտեղ գտնվում է Անինյան սպիրտի գործարանը, անօդաչուների գրոհի հետեւանքով ձեռնարկությունում հրդեհ է սկսվել, որն ընդգրկել է մի քանի շենքեր եւ տարբեր նշանակության շինությունները, ինչպես նաեւ կողքին կանգնած տեխնիկան, նշել է Գուսեւը։

«Վիրավորվել է ձեռնարկության երկու աշխատող։ Մեկն ուղարկվել է ստացիոնար բուժման, մյուսը՝ ամբուլատոր»,- տեղեկացրել է նահանգապետը։ Նրա տվյալներով՝ գործարանի սահմաններից դուրս այրվել են նաեւ երկու ավտոտնակներ ավտոտրանսպորտով։ Վնասվել են մեկ բնակելի տան պատուհանները եւ էլեկտրագծի մի հատված։

Դրոնների երկրորդ թիրախը «Էտալոն-Սպիրտ» գործարանն էր Նովոխոպերսկի շրջանում, գրել է Shot-ը։ Անօդաչուներից մեկը ընկել է տնտեսական շինության տանիքին եւ վնասել արդյունաբերական տարողությունը, բայց հրդեհ չի եղել։ Տուժել է մեկ մարդ։ Վնասվել են երկու բնակելի տներ եւ մեկ տնտեսական շինություն, նշել է Shot-ը։

Մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 22-ին, ուկրաինական անօդաչուները գրոհել էին սպիրտի երեք գործարան Ռուսաստանում. երկուսը Տուլայի եւ մեկը՝ Տամբովի մարզերում։ Հարված էր հասցվել նաեւ երկրի առաջատար ձեռնարկություններից մեկին՝ «Զերնոպրոդուկտին»։ Էական վնասվածքներ գործարաններից ոչ մեկը չէր ստացել, տուժածներ չեն եղել։

Ուկրաինական կողմը գրոհները բացատրել է նրանով, որ սպիրտի գործարանները կարող են արտադրել վառելիք հրթիռների համար, որոնցով ՌԴ-ն խփում է Ուկրաինային։ «Դրանք բոլորը ռազմական օբյեկտներ են, չնայած քողարկված են մեկ այլ բանի տակ»,- ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի ապատեղեկատվության դիմակայության կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։