Ուկրաինայի ԶՈւ-ն ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումներ չի ունենա հյուսիսկորեացի զինվորների դեմ, եթե նրանք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի կողմից, հայտնել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը։ Հարցին, թե նախատեսում է արդյոք Վաշինգտոնը որեւէ շրջանակ նման թեժացման դեպքում, նա պատասխանել է. «Ոչ... եթե մենք տեսնենք, որ Հյուսիսային Կորեայի զորքերը առաջ են գնում ճակատում, ես նկատի ունեմ, որ նրանք պատերազմի մասնակից են դառնում»։
«Պենտագոնի գնահատականներով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել 10 հազար զինվոր։ «Նրանց մի մասը արդեն տեղակայվել է Ուկրաինայի մոտ, եւ մենք ավելի շատ ենք անհանգստացած, որ Ռուսաստանը մտադիր է նրանց օգտագործել մարտական գործողություններում Ուկրաինայի ԶՈւ-ի դեմ Կուրսկի մարզում»,- նշել է Սինգհը։
Նրա խոսքով, եթե հյուսիսկորեացի զինվորները հայտնվեն մարտադաշտում, «դա կնշանակի հետագա թեժացում եւ կընդգծի նախագահ Վլադիմիր Պուտինի աճող հուսահատությունը», ինչպես նաեւ կհաստատի, որ ռուսական բանակը «ավելի շատ խնդիրներ ունի, քան թվում է»։ Նա հիշեցրել է, որ ուկրաինացիները պայքարում են իրենց ինքնիշխան տարածքի համար, իսկ ԱՄՆ-ը պարտավորվել է շարունակել աջակցել նրանց ինչ գնով էլ լինի։ «Այս հաշվարկը պետք է անի Հյուսիսային Կորեան, երբ իր զինվորներին ուղարկում է պատերազմ, որտեղ մենք տեսնում ենք ռուսների կորուստները, որոնք գերազանցում են ներկա պահին 500 հազար մարդը»,- ընդգծել է Սինգհը։
Նա հրաժարվել է հաստատել Կուրսկում հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը։ «Ամենայն հավանականությամբ, նրանք շարժվում են այդ ուղղությամբ... Բայց ես առայժմ ավելի մանրամասն տեղեկություն չունեմ»,- նշել է Սինգհը։ Հոկտեմբերի 28-ին ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն հայտնել է, որ հյուսիսկորեացի զինվորականները ուղարկվել են Կուրսկի մարզ, որի մի մասը Ուկրաինայի ԶՈւ-ն զավթել է ամռան անսպասելի հարձակման ժամանակ։
Կոնգրեսում մինչ այդ Պենտագոնին կոչ էին արել դիտարկել «ուղիղ ռազմական գործողությունների» հնարավորությունը, եթե հյուսիսկորեացի զինվորները պատերազմի մեջ մտնեն Ուկրաինայի դեմ։ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ, հանրապետական Մայք Թըրները հայտնել է, որ «Բայդեն-Հարիսի վարչակազմը պետք է հստակ նշի, որ հյուսիսկորեական զորքերի մասնակցությունը այս հակամարտությանը կարմիր գիծ է ԱՄՆ-ի համար»։
Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ 1,5 հազար էլիտար հատուկջոկատայիններ Հյուսիսային Կորեայից ժամանել են Վլադիվոստոկի նավահանգիստ հոկտեմբերի 8-13-ին եւ արդեն պատրաստվում են տեղի զորադաշտերում։ Կան նաեւ բարձրաստիճան սպաներ, ներառյալ գեներալ, որը ղեկավարում է հատուկ ջոկատները։ Շուտով սպասվում է զորքերի երկրորդ խմբի ժամանումը։



























