Այսօր՝ նոյեմբերի 8-ին Սևանա լիճ է բաց թողնվել մանրաձկան հերթական խմբաքանակը։ Իրականացված միջոցառման արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր բնակավայրի ձկնաբուծական գործարանից լիճ է տեղափոխվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի, 8 ամսական, 300 հազար մանրաձուկ՝ 8-10 գրամ քաշով։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:

Միջոցառումն իրականացվել է պետական ծրագրի շրջանակներում, Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և զարգացման» հիմնադրամի կողմից։

2024 թվականի մայիս ամսին Սևանա լիճ է բաց թողնվել «Ամառային իշխանի» 87 300՝ մեկ տարեկան մանրաձուկ, իսկ իրականացված երկրորդ միջոցառման արդյունքում ընդհանուր հաշվով լիճ է բաց թողնվել 387 300 «Ամառային իշխանի» և «Գեղարքունի» ենթատեսակների մանրաձկներ։

Միջոցառման մասնակիցները շրջել են ձուկբուծարանում, դիտարկել ավազաններում առկա ձկնապաշարի տեսակներին, դրանց մայրական կազմերի ստեղծման և քանակին վերաբերող հարցեր, ծանոթացան ձուկբուծարանի բացօթյա տարածքի նորակառույց ավազաններում «Կողակ» ձկնատեսակի մայրական կազմի բուծման համար ստեղծված պայմաններին և դրանց բազմացման հնարավորություններին:

Այնուհետեւ նրանք մասնակցել են տեղում կազմակերպված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման համալիր ծրագիր՝ պահպանելով ժառանգությունը» խորագիրը կրող շնորհանդեսին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն և քննարկվեցին ձկնաբուծության ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր։