Գործարար Իլոն Մասկը եւ գործարար Վիվեկ Ռամասվամին, որը նախկինում հավակնում էր Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի պաշտոնին, կգլխավորեն կառավարության արդյունավետության բարձրացման նախարարությունը նոր վարչակազմում։ Այս մասին նշված է Թրամփի հայտարարությունում, որը երեքշաբթի տարածել է նրա անցումային թիմը։

«Ես ուրախությամբ հայտարարում եմ, որ մեծն Իլոն Մասկը ամերիկացի հայրենասեր Վիվեկ Ռամասվամիի հետ կգլխավորի կառավարության արդյունավետության նախարարությունը (DOGE)։ Այդ հիանալի ամերիկացիները միասին ճանապարհ կհարթեն, որպեսզի իմ վարչակազմն ազատվի կառավարական բյուրոկրատիայից, կրճատի ավելորդ կարգավորումը, վատնումները եւ վերակառուցի դաշնային գերատեսչությունները»,- նշված է հայտարարությունում։

Թրամփն ավելացրել է, որ նոր մարմինը կհամագործակցի Սպիտակ տան եւ նրա Վարչաբյուջետային վարչության հետ՝ «լայնածավալ կառուցվածքային բարեփոխում իրականացնելու նպատալով»։ Նրա պլաններով՝ 2026թ. հուլիսի 4-ին, երբ կնշվի ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունման 250-ամյակը, երկիրն այդ գերատեսչությունից կստանա «հիանալի նվեր «փոքր կառավարության» տեսքով, որին բնորոշ կլինի մեծ արդյունավետություն»։