Դեկտեմբերի 1-ից ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարի պաշտոնին հրաժեշտ տվող Ժոզեպ Բորելը նախագահ Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ը համեմատել է կաուդիլյոյի (առաջնորդի)՝ Ֆրանսիսկո Ֆրանկոյի ժամանակների Իսպանիայի հետ։ Այս մասին նա հայտնել է Եվրախորհրդարանի լսումների ժամանակ՝ նվիրված ԵՄ եւ ԱՄՆ հարաբերություններին ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների ֆոնին։

«Ամերիկան [Թրամփի օրոք] այն երկիրը չէ, որը կար Օբամայի ժամանակ, եւ եթե նայեք Իսպանիային, դա նույն երկիրը չէ [վարչապետ Ֆելիպե] Գոնսալեսի (1982-1996) եւ Ֆրանկոյի (1936-1975) օրոք»,- ասել է Բորելը։

Նրա կարծիքով՝ բռնապետ Ֆրանկոյի եւ նախագահ Թրամփի միջեւ կա միայն մեկ տարբերություն. եթե Ֆրանկոն, որն իշխանությունը զավթեց հեղաշրջման եւ Իսպանիայում քաղաքացիական պատերազմի արդյունքում, գերմանացի եւ իտալացի նացիստների աջակցությամբ, «չէր արտացոլում ժոովրդի կամքը», ապա Թրամփը ամերիկացի ընտրողների շահերն «արտացոլում է լիովին»։

«Ամերիկացիները նորից ընտրեցին Թրամփին։ Երկրորդ անգամ։ Սա աշխարհի վերջը չէ, բայց նոր աշխարհի սկիզբն է, որը տարբերվում է նրանից, ինչը կլիներ, եթե ամերիկացիներն այլ ընտրություն կատարեին»,- ասել է Բորելը։

Փակելով Թրամփի վերաբերյալ լսումները Եվրախորհրդարանում՝ Բորելը նորից նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կկրճատի օգնությունն Ուկրաինային, եւ կարծիք է հայտնել, որ «պատմությունը կդատապարտի Արեւմուտքին, եթե նա թույլ տա, որ Ուկրաինան ընկնի»։ Նա նաեւ նշել է, որ Թրամփի օրոք ԵՄ-ը չի կարող այլեւս լիովին հենվել ՆԱՏՕ պաշտպանության վրա։