ԱՄՆ իշխանությունները զգուշացնում են Ռումինիային, որ նրա հրաժարումը արեւմտամետ ուղեգծից կարող է հանգեցնել Վաշինգտոնի հետ կապերի թուլացման անվտանգության ոլորտում եւ ամերիկյան ներդրումների կրճատման։ Այս մասին վկայում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարությունը, որը հրապարակվել է չորեքշաբթի։
«ԱՄՆ-ը գնահատում է Ռումինիայի ավանդը որպես ՆԱՏՕ ուժեղ դաշնակցի եւ ԵՄ գործընկերոջ։ Ռումինիայի ձեռք բերած առաջընթացը չի կարող կանգնեցվել օտարերկրյա խաղացողների կողմից, որոնք փորձում են փոխել երկրի արտաքին քաղաքականությունը՝ նրան հեռացնելով արեւմտյան դաշինքներից,- նշվել է փաստաթղթում։- Ցանկացած նման փոփոխություն կհանգեցնի լուրջ բացասական հետեւանքների ԱՄՆ-ի եւ Ռումինիայի համագործակցության համար անվտանգության ոլորտում, իսկ օտարերկրյա ներդրումների կրճատման որոշումը կխոչընդոտի երկրում ԱՄՆ ընկերությունների ներդրումների կատարմանը»։
«Մենք ուշադիր հետեւում ենք ընտրություններին Ռումինիայում։ Ռումինացի ժողովուրդը պետք է որոշի, թե ում է ընտրելու, եւ ԱՄՆ-ը չի միջամտում այդ ընտրությանն ու այդ գործընթացին»,- ասել է Միլլերը։ Նա ընդգծել է. «Մենք անհանգստացած ենք Ռումինիայի պաշտպանության Գերագույն խորհրդի տեղեկությամբ այն մասին, որ Ռուսաստանը վնասակար գործունեություն է իրականացնում կիբեռտարածքում՝ ուղղված ընտրական գործողությունների ամբողջականության խախտմանը»։ Միլլերը կարծում է, որ այս առնչությամբ պետք է հետաքննություն իրականացվի։
Ռումինիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է անկախ թեկնածու Քելին Ջորջեսկուն՝ հավաքելով ձայների 22,94 տոկոսը։ Երկրորդ տեղում՝ 19,18 տոկոս արդյունքով, աջ կենտրոնամետ «Միություն հանուն Ռումինիայի փրկության» կուսակցության ղեկավար Ելենա Լասկոնին է։ Նրանք մրցակցելու են երկրորդ փուլում, որը կայանալու է դեկտեմբերի 8-ին։





























