Հայ համայնքը ակտիվորեն մասնակցելու է եկող տարվա մարտին կայանալիք Աբխազիայի խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աբխազիայի հայերի միության նախագահ Խաչիկ Մինասյանը:

«Այստեղ չգրված համաձայնություն ունենք, որ խորհրդարանում պետք է լինի երեք հայ պատգամավոր: Այդպես եղել է, այդպես էլ կարծում եմ` կլինի: Իհարկե ակտիվորեն մասնակցելու ենք»,- նշեց Խաչիկ Մինասյանը եւ հավելեց, որ Աբխազիայի խորհրդարանն ունի 35 պատգամավոր, որոնցից 3-ը հայեր են, 3-ը ռուսներ, մնացածը` աբխազներ:

Հայ համայնքի ներկայացուցչի խոսքով, իրենք վստահ են, որ նույն համամասնությունը կպահպանվի: «Մեզ պետք են երեք լավ, գրագետ հայ տղաներ, որոնք կարողանան ճիշտ ներկայացնել հայ համայնքը աբխազական խորհրդարանում: Գիտեք, մեկ-մեկ ինչ դժվար է լինում, որովհետեւ այնպիսի մարդիկ են ձգտում, որ արժանի չեն պատգամավոր լինելու: Կան տաղանդավոր մարդիկ, որոնց կփորձենք առաջ մղել»,- նշեց նա: Աբխազիայի հայերի միությունը դեռ քննարկումներ չի արել, թե ում է աջակցելու ընտրություններում, սակայն մոտ ապագայում անպայման կորոշակիացնեն իրենց անելիքը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, խորհրդարանական ընտրություններն Աբխազիայում կայանալու են 2012թ. մարտի 10-ին: Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Աբխազիայի խորհրդարանն ունի 35 պատգամավոր, ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով:

Գլխավոր քաղաքական ուժերը, որ մրցակցելու են ընտրություններում, լինելու են «Միացյալ Աբխազիան», «Ամցախարա» շարժումը, Աբխազիայի Կոմունիստական կուսակցությունը, նաեւ ընդդիմադիր Ժողովրդական միասնության ֆորումը: