Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը նախազգուշացրել է «բոլորին, ովքեր ներգրավված են վայրագությունների մեջ՝ հանուն տապալված սիրիական կառավարության», ապաստան չփնտրել իր երկրում՝ հայտարարելով, որ նրանք կբախվեն «օրենքի ողջ խստությանը»:

Գերմանիան վերջին տասնամյակում եղել է սիրիացի փախստականների հիմնական ուղղությունը, և այնտեղ ապրում են մի քանի հարյուր հազար սիրիացի քաղաքացիներ։ Սիրիական գաղտնի ոստիկանության նախկին աշխատակիցներն արդեն դատապարտվել են Գերմանիայում՝ ըստ 2021 թվականին կայացված վճիռների՝ բանտարկյալների բռնությունները վերահսկելու կամ նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքին նպաստելու համար:

«Ասադի դահիճներից որևէ մեկին, որն այժմ մտածում է Գերմանիա փախչելու մասին, ես կարող եմ միայն հստակ ասել. մենք ռեժիմի բոլոր կամակատարներին պատասխանատվության կենթարկենք իրենց նողկալի հանցագործությունների համար՝ օրենքի ամբողջ խստությամբ»,-Bild am Sonntag պարբերականին կիրակի տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Անալենա Բերբոքը։

Ըստ Associated Press-ի՝ գերմանացի պաշտոնյաներն ընդգծել են, որ վերջին տարիներին երկիր ժամանած շատ լավ ինտեգրված քաղաքացիներն Ասադի տապալումից հետո ուրախ կլինեն մնալ Գերմանիայում։

«Այստեղ աշխատող յուրաքանչյուր ոք, որը լավ ինտեգրվել է, եղել և մնում է ողջունելի հյուր Գերմանիայում: Դա կասկածից վեր է: Փախստականներից ոմանք հույս ունեն, որ շուտով կկարողանան վերադառնալ հայրենիք։ Մենք կաջակցենք դրան, հենց որ իրավիճակը թույլ տա»,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Սակայն «միայն առաջիկա օրերը, շաբաթները և ամիսները ցույց կտան, թե Սիրիան Ասադի հեռանալուց հետո ինչ ուղղությամբ կընթանա»,-հայտարար են Գերմանիայի կառավարությունում: