Մի քանի խոշոր ընկերություններ, որոնք դատապարտել են Կապիտոլիումի 2021թ. հունվարի 6-ի գրոհը, միջոցներ են նվիրում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ֆոնդին։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է The Wall Street Journal թերթը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ առնվազն 11 ընկերություն, որոնք միջոցներ են տրամադրել 2025թ. հունվարին Թրամփի երդմնակալության համար, դատապարտել են 2021թ. Կապիտոլիումի գրոհը։ Օրինակ, դեղագործական հետազոտողների և արտադրողների ամերիկյան ասոցիացիան (PhRMA), Ford-ը եւ Intuit-ը, ճապոնական Toyota ավտոարտադրողն այժմ մեկական մլն դոլար կհատկացնեն Թրամփի երդմնակալության համար, գրել է The Wall Street Journal-ը։ Խոշոր դոնորների շարքում, որոնք նախկինում քննադատել են 2021թ. հունվարի 6-ի իրադարձությունները, թերթը նշել է Bank of America-ին եւ Goldman Sachs-ին, General Motors Corporation-ին եւ ԱՄՆ խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկին՝ AT&T-ին:
Ինչպես նշել է թերթը, հանրապետական նոր վարչակազմի հետ բարեկամական հարաբերություններ կառուցելու ակնկալիքով՝ խոշոր ընկերությունների ղեկավարները Թրամփի Մար-ա-Լագո (Ֆլորիդա) նստավայր են գնում՝ «շտապելով շտկել հարաբերությունները նորընտիր նախագահի հետ, եւ «նրանց խոստումներից շատերը, որոնք տրվել են Կապիտոլիումի գրոհի հետ կապված», մնում են անցյալում:
The Wall Street Journal-ը հիշեցրել է, որ ավելի վաղ Meta Corporation-ը (Ռուսաստանում ճանաչված է ծայրահեղական) եւ ամերիկյան առցանց մանրածախ առևտրային ռեթեյլեր Amazon-ը նույնպես հայտարարել են Թրամփի երդմնակալության հիմնադրամին 1 մլն դոլար հատկացնելու մասին։
Նորընտիր նախագահի թիմն ակնկալում է, որ 2025թ. երդմնակալության համար նվիրատվությունները կգերազանցեն 2017թ. մակարդակը: Այդ ժամանակ հանրապետականներին հաջողվել էր հավաքել մոտ 107 մլն դոլար։





























