Բալթիկ ծովի Ռյուգեն կղզուց դեպի հյուսիս է շարժվում կառավարումը կորցրած հեղուկանավ։ Ըստ ծովային փրկարար ծառայության, որն աշխատում է դեպքի վայրում, հեղուկանավում մոտավորապես 99 հազար տոննա նավթ կա՝ հայտնում է Bild-ը։
Խոսքը Պանամայի դրոշի տակ ընթացող Eventin հեղուկանավի մասին է։ 248 մետր երկարությամբ նավը նավթ է բեռնել ռուսական Ուստ-Լուգա նավահանգստում և ծով դուրս եկել հունվարի 6-ին: Վերջնական նպատակակետը նշվել է Եգիպտոսի Սաիդ նավահանգիստը:
Eventin հեղուկանավը 18 տարեկան է և մտնում է, այսպես կոչված, ռուսական ստվերային նավատորմի մեջ, որն օգտագործվում է Ռուսաստանի կողմից՝ շրջանցելու արևմտյան պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի պատերազմի պատճառով։
Ռուսաստանի ստվերային նավատորմը ներառում է ավելի քան 100 հեղուկանավ և այլ բեռնատար նավեր, որոնք տեխնիկական վատ վիճակում են։ Նրանք նավարկում են Բալթիկ ծովում այլ երկրների դրոշների ներքո, և նրանց տերերը հաճախ անհայտ են մնում։



























