Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները որոշել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ռեսուրսներն ավելացնել 150 մլրդ եվրոյով` երկկողմանի վարկերի հաշվին: Նման որոշումը կայացվել է պարտքային ճգնաժամը կանխարգելելու նպատակով:
Չեխիան, Լեհաստանը, Դանիան եւ Շվեդիան եւս եվրոյի գոտու ամրապնդման համար պատրաստակամություն են հայտնել ԱՄՀ-ին վարկեր տրամադրել: Բայց դա անելու համար այդ չորս երկրների կառավարությունները պետք է իրենց խորհրդարանների հավանությունն ստանան, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, ավելի վաղ խոստացել էին, որ ԱՄՀ-ն 2 մլրդ եվրո կստանա, բայց այդ գումարը հարցականի տակ է, քանի որ Մեծ Բրիտանիան դեռ չի կողմնորոշվել, թե որքան վարկ է տրամադրելու:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` բրիտանական իշխանություններն իրենց ավանդի վերաբերյալ որոշումը կկայացնեն 2012 թվականին: Բրիտանական ֆիննախարարության անանուն աղբյուրները Reuters-ին պատմել են, որ Մեծ Բրիտանիան կհրաժարվի այդ գործում մասնակցելուց:




























