Վանաձորում, այսօր` դեկտեմբերի 20-ի վաղ առավոտյան ժամը 09:00-ից ցույցի են դուրս եկել քաղաքի նախկին «Քիմպրոմ», ներկայումս «Կոմպոզիտ Մետալ» ՓԲԸ-ի աշխատակիցները, թվով 30-40 մարդ: Նրանք պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության աշխատակիցները նշեցին, որ արդեն 8 ամիս է, որ իրենք աշխատավարձ չեն ստացել: Պատճառաբանությունները տարբեր են, միշտ խոստացել են, որ աշխատավարձերը վճարելու են, բայց այդպես էլ չեն վճարել:

Երբ գործարար պատգամավոր Խաչիկ Մանուկյանը դարձել է «Կոմպոզիտ Մետալ»-ի համասեփականատեր, այդ օրվանից (այս տարվա ապրիլի 1-ից) լուծարվել են նախկին «Քիմպրոմի» աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, խոստանալով որ իրենց գրանցելու են «Կոմպոզիտ Մետալ» ՓԲԸ-ում, սակայն 8 ամիս շարունակ նրանց չեն գրանցել: Ստացվում է, որ այսօր արդեն «Կոմպոզիտ Մետալ»-ում աշխատողները «Քիմպրոմ»-ի հետ խզել են պայմանագրերը, սակայն նոր անվանումով ձեռնարկությունում չեն գրանցվել, թեեւ փաստացի շարունակել են աշխատել:

Փաստացի տնօրինությունից աշխատակիցներին ասում են, որ իրենք նախկին գործարանից վերջնահաշվարկով ազատվել են: Աշխատակիցների խոսքով, իրենք հիմա մնացել են 2 քարի արանքում եւ մտավախություն ունեն, որ տնօրինությունը կհայտարարի, որ իրենք 8 ամիս չեն աշխատել, քանի որ չունեն աշխատանքային պայմանագրեր:

Նրանք նշում են, որ 8 ամիս առաջ Խաչիկ Մանուկյանն այցելել է իրենց եւ անգամ բարձր աշխատավարձեր է խոստացել, սակայն խոստումները չեն կատարվել:

Նշենք, որ «Կոմպոզիտ Մետալ»-ի աշխատակիցները երեկ` դեկտեմբերի 19-ին ցույց են կազմակերպել Լոռիի մարզպետարանի դիմաց, հանդիպել են մարզպետի հետ, սակայն ոչ մի շոշափելի արդյունքի չեն հասել: