2011-ը սկսվեց սոցիալ-տնտեսական կյանքին նախագահի ակտիվ միջամտությամբ, որը պետք է բերեր դրական փոփոխությունների, սակայն, ցավոք, ինչպես շատ դեպքերում, այս անգամ էլ չեղավ որեւէ դրական փոփոխություն։ Այս մասին, այսօր` դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, պաշտոնական տվյալներով, 1,2 մլն աղքատներ ունենք, ինչը սոցիալ-տնտեսական քաղաքականության ձախողման վկայություն է:
«Արտագաղթը մոտենում է տարեկան 90 հազարի։ Հաշվի առնելով, որ ձմռանը դրական հոսք կլինի, թիվը կտատանվի 50-60 հազարի սահմաններում»,- ասաց Ա. Մինասյանն ու հավելեց. «Արտաքին զարգացումների տեսակետից տարին որեւէ դրական բան չարձանագրեց։ Հակառակը, նորից շարունակվում է Հայաստանի նկատմամբ այն արատավոր քաղաքականությունը, որ Հայաստանը թուլացնում է իր դիրքերը։
Ներքաղաքական կյանքում առաջին հերթին թվում է, որ պետք է դրական փոփոխություններ լինեին, բայց` ոչ։ Հասարակությունը վստահ չէ, որ առաջիկա ընտրությունները թափանցիկ կլինեն։ Հիմա շատ վատ իրավիճակ է ստեղծվում, երբ քաղաքացին հույսն է կորցնում, որ ընտրություններով ինչ-որ բան կփոխվի»:
Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն առարկեց այս կարծիքին, նշելով. «Իհարկե կան խնդիրներ, առաջինը մենք ենք բարձրաձայնում, բայց դրանք միայն մեր երկրում չեն, ամբողջ աշխահում էլ ճգնաժամ է։ Հասարակության մեջ պետք է վստահություն սերմանել։ ՀՀԿ-ն լինելով իշխանություն, հայտարարում է, որ խորհրդարանական ընտրությունները լինելու են ազատ, արդար եւ թափանցիկ։ Մենք այդ կամքը ունենք»:




























