ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Մորգան Օրթագուսը մտադիր է հինգշաբթի իր այցի ընթացքում Լիբանանի առաջնորդներին հստակորեն հայտարարել, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի «Հըզբոլլահ»-ի և նրա դաշնակիցների անվերահսկելի ազդեցությունը նոր կառավարության ձևավորման գործում», հայտնում է Reuters-ը։
Ըստ վարչակազմի ներկայացուցչի՝ արևմտյան դիվանագետի և տարածաշրջանային կառավարությունների աղբյուրների, ուղերձը կլինի այն, որ Լիբանանը կբախվի հետագա մեկուսացման և տնտեսական փլուզման, քանի դեռ այն չի ձևավորել կառավարություն, որը հավատարիմ կմնա բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին և շիական շարժման ազդեցության թուլացմանը:
ԱՄՆ պատվիրակությունը՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Մորգան Օրթագուսի գլխավորությամբ, կհանդիպի նորընտիր նախագահ Ջոզեֆ Աունի, վարչապետ Նաուաֆ Սալամի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ։ Ավելի քան երեք շաբաթ առաջ Սալամին հանձնարարվել էր ձևավորել կառավարություն, որտեղ ղեկավար պաշտոններն ավանդաբար բաժանվում են Լիբանանի կրոնական համայնքների միջև՝ իշխանության բաշխման վաղեմի համակարգին համապատասխան:
Սակայն ԱՄՆ-ը ձգտում է սահմանափակել «Հըզբոլլահ»-ի ազդեցությունը լիբանանյան իշխանությունների վրա՝ փորձելով օգուտ քաղել Իսրայելի հետ անցած տարի պատերազմում ունեցած խմբավորման պարտությունից:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ Վաշինգտոնը չի «ընտրում» կաբինետի առանձին անդամներին, այլ ուզում է ապահովվել, որ «Հըզբոլլահ»-ը ներգրավված չէ կառավարությունում. «Պատերազմ եղավ, և «Հըզբոլլահը» պարտություն կրեց, և նրանք պետք է մնան պարտված»,-հավելել է պաշտոնյան։ -Դուք չեք ուզում, որ որևէ մեկը կոռումպացվի։ Սա Լիբանանի համար նոր օր է: «Հըզբոլլահը» պարտվել է, և նոր կառավարությունը պետք է հաշտվի այս նոր իրողության հետ»:





























