ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Գազայի հատվածի կառավարման և անվտանգության հարցերը: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։

Ռուբիոն «կրկնել է սերտ համագործակցության կարևորությունը Գազայում հետկոնֆլիկտային կառավարման և անվտանգության ծրագրերի իրականացման համար», - ասել է նա: Պետքարտուղարը նաեւ ընդգծել է, որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը «այլեւս երբեք չի կարողանա կառավարել Գազայի հատվածը կամ սպառնալ Իսրայելին»։

Երկու երկրների արտգործնախարարները խոսել են նաև «Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին, ներառյալ ներառական կառավարման անհրաժեշտությունը և թույլ չտալ, որ երկիրը որպես ցատկահարթակ օգտագործվի ահաբեկիչների համար կամ սպառնա իր հարևաններին»: Ռուբիոն և Աբդել Աթին նաև վերահաստատել են երկկողմ համագործակցության կարևորությունը խաղաղության և անվտանգության ամրապնդման համար։

Եգիպտոսի արտգործնախարարը երկուշաբթի Ռուբիոյի հետ հանդիպման սկզբում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն կարող է ձեռք բերվել, բայց դա պետք է լինի այնպիսի պայմաններով, որոնք կապահովեն պաղեստինցիների օրինական իրավունքները, հատկապես՝ սեփական պետություն ստեղծելու նրանց իրավունքը: