Հունաստանի խորհրդարանը նախագահ է ընտրել խորհրդարանի նախկին նախագահ Կոստաս (Կոնստանտինոս) Թասուլասին՝ առաջադրված վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կողմից ։ Այս մասին վկայում են երկրի գլխավոր օրենսդիր մարմնում կայացած քվեարկության չորրորդ փուլի արդյունքները։ Հեռարձակումն իրականացրել է Հունաստանի խորհրդարանական Vouli հեռուստաալիքը։
Հունվարի 25-ին եւ 31-ին եւ փետրվարի 6-ին կայացած քվեարկության առաջին երեք փուլերն անհաջող են անցել։ Քվեարկության առաջին եւ երկրորդ փուլերում Հունաստանի նախագահին ընտրելու համար անհրաժեշտ էր երկու երրորդի մեծամասնությունը (200 ձայն 300 տեղանոց խորհրդարանում), իսկ երրորդում՝ երեք հինգերորդը (180 ձայն): Բոլոր երեք փուլերում Թասուլասի օգտին քվեարկել է 160 խորհրդարանական։ Չորրորդ փուլում նախագահն ընտրվում է 151 ձայների մեծամասնությամբ։ Իշխող «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը, որն առաջադրել է Թասուլասի թեկնածությունը, բարձրագույն օրենսդիր մարմնում ունի 156 պատգամավոր։
Պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր չորս թեկնածու, սակայն սահմանադրությամբ նախատեսված քվեարկության հինգ փուլերում հաղթելու իրական հնարավորություն ուներ միայն մեկը՝ Թասուլասը։ Իր հերթին, գլխավոր ընդդիմադիր «ՊԱՍՕԿ-Փոփոխության շարժում» կուսակցությունը առաջադրել է արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Թասոս Յանիցիսին, Ձախ արմատական ուժերի կոալիցիան (ՍԻՐԻԶԱ)՝ էկոնոմիկայի, մրցունակության եւ առեւտրային նավատորմի նախկին նախարար Լուկա Կացելիին, Դեմոկրատական հայրենասիրական շարժում աջ կուսակցություն-Հաղթանակը («Նիկի»- հաղթանակ)՝ Աթենքի փաստաբանների միության անդամ, գրող Կոստաս Կիրիակուին։
Թասուլասին չորրոդ փուլում ձայն է տվել 160 պատգամավոր կառավարող կուսակցությունից, ինչպես նաեւ մի շարք անկախ պատգամավորներ, Յանիցիսին ձայն է տվել 34 խորհրդարանական, Կացելիին՝ 29, Կիրիակուին՝ 14։
Բոլոր թեկնածուների համար, բացի Կացելիից, նույնն էր արդյունքը նախորդ երեք փուլերում։ Կացելին առաջին երեք փուլերում ստացել էր 40 ձայն, սական չորրոդ փուլում խորհրդարանական խմբակցություններից մեկը՝ «Նոր Ձախերը», որոշել է չմասնակցել քվեարկությանը, ուստի Կացելին հավաքել է ընդամենը 29 ձայն։ Ձեռնպահ է մնացել 39 պատգամավոր։ Քվեարկել է խորհրդարանի 276 անդամ։




























