2024թ. «Ռոսֆինմոնիտորինգը» 3 165 մարդու ավելացրել է «ահաբեկչական եւ ծայրահեղական գործունեության մեջ ներգրավված անձանց» ցուցակում, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Դա գրեթե երկու անգամ ավելի է, քան 2023թ., այն ժամանակ գերատեսչությունն ընդգրկել էր ավելի քան 1,7 հազար մարդու «ծայրահեղականների եւ ահաբեկիչների» ցուցակում, գրել է «Радио Свобода»-ն։

2024թ. ցուցակում ընդգրկված երեք հազարից ավելի քան երկու հազարը կապված է «ահաբեկչության» հետ, մոտ 900-ը՝ «ծայրահեղականության»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցուցակում ավելացվածներից ավելի քան 160-ը չի կարող համագործակցել լրատվամիջոցների հետ, համացանցում նյութեր հրապարակել, հրապարակային միջոցառումներ կազմակերպել, մասնակցել ընտրական գործընթացներին, օգտվել ֆինանսական ծառայություններից։

Ցուցակում, ի թիվս այլոց, կան հակապատերազմական գործերով մեղադրյալներ, լրագրողներ, գրողներ, իրավապաշտպաններ, դերասաններ եւ հասարակական գործիչներ։ Ցուցակում են Բորիս Ակունինը, Տատյանա Լազարեւան, Եվգենյա Բերկովիչը, Արթուր Սմոլյանինովը եւ այլք։