Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայրենական ապրանք արտադրողների միության նիստին ու հայտարարել, թե «ձեւավորվելու է մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր պլատֆորմ, որի միջոցով էլ ապահովելու ենք մեր որոշումների լեգիտիմությունը»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը մեկնաբանում է.
Տիգրան Սարգսյանը երեւի տեղյակ չէ, որ նախադասությունները պիտի նաեւ իմաստ ունենան, եւ երբ ինչ-որ մեկն իրար հետեւից բառեր է արտասանում, դրանց հաջորդականությունը պիտի իր մեջ որոշակի իմաստ պարունակի: Պլատֆորմ ձեւավորելու գաղափարն, իհարկե, լավն է, բայց փաստորեն ստացվում է, որ մինչեւ հիմա կառավարության որոշումները լեգիտիմ չեն եղել: Իրականում, իհարկե, այդպես էլ կա. եթե կառավարությունը լեգիտիմ չէ, նրա ընդունած որոշումները չեն կարող լեգիտիմ լինել: Բայց հարց է ծագում` ի՞նչ կապ ունի դրա հետ պլատֆորմը:
Ինչ վերաբերում հայրենական ապրանք արտադրողներին, ապա եթե Հայաստանում այդպիսիք դեռ կան, խորհուրդ կտայինք համախմբվել եւ համատեղ ուժերով դիմադրել: Եթե Տիգրան Սարգսյանը փորձում է նրանց հետ «համագործակցել»` հետեւանքները ծանր են լինելու: Տիգրան Սարգսյանը հազիվ թե այնքան ազնվություն ունենա, որ նման «համագործակցությունից» հետո ամուսնանա նրանց հետ:



























