ԱՄՆ արդարադատության նախարարությունը աշխատանքից ազատել է մի քանի դատավորների, ովքեր զբաղվում են ներգաղթի գործերով՝ չնայած ավելի քան 3 միլիոն գործերի կուտակմանը և նախագահ Դոնալդ Թրամփի՝ անօրինական ներգաղթը ճնշելու խոստումներին: Դրա մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նշվում է, որ Թրամփի վարչակազմի սկզբից ի վեր ներգաղթի դատարանների ավելի քան 20 աշխատակիցներ, ինչպես նաև ներգաղթի վերանայման գործադիր գրասենյակի առնվազն չորս ավագ և հինգ միջին մակարդակի ղեկավարներ կորցրել են իրենց աշխատանքը։
Միևնույն ժամանակ, վերջին երեք տարիների ընթացքում երկիրը ռեկորդային ներգաղթի գործերի քննության հարցում ուշացումներ է գրանցել, նշում է Կոնգրեսի հետազոտական ծառայությունը։ Կառույցի վկայակոչած տվյալներով՝ անցյալ տարի դատարանները վերահսկող գերատեսչություն ավելի քան 1,8 միլիոն նման նոր գործ է ներկայացվել՝ 2024 թվականի վերջի դրությամբ այն հասցնելով 3,6 միլիոնի:
Թրամփը ավելի վաղ բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման օգտին: Հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո նա հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն ընդլայնել է ամերիկյան իրավապահ մարմինների լիազորությունները՝ թույլ տալով նրանց արտաքսել անօրինական ներգաղթյալներին այսպես կոչված արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց ներգաղթի ատյանի որոշման։





























