ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռաթքլիֆը մտադիր է գործակալության ռեսուրսները վերահղել Մեքսիկայում թմրակարտելների դեմ պայքարին։ Դրա մասին գրում է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Մեքսիկայում և տարածաշրջանում թմրակարտելների դեմ պայքարը ԿՀՎ-ի համար առաջնահերթություն է՝ Թրամփի վարչակազմի արշավի շրջանակում՝ ուղղված թմրանյութերի անօրինական շրջանառությունից բխող լուրջ սպառնալիքին: Տնօրեն Ռեթքլիֆը վճռական է տրամադրված՝ ԿՀՎ-ի եզակի փորձն այդ դժվարին առաջադրանքին ծառայեցնելու համար»,-նշել է ԿՀՎ-ի ներկայացուցչը։
Պարբերականի աղբյուրները նշում են նաև, որ ԿՀՎ-ն նախատեսում է տեղեկություններ փոխանակել Լատինական Ամերիկայի երկրների գործընկերների հետ և վարժանքներ անցկացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում պատասխանատու ստորաբաժանումների համար։
Պենտագոնի և հետախուզության նախկին պաշտոնյաները զգուշացնում են, որ նման միջոցները Մեխիկոյում «կատաղի արձագանք» կառաջացնեն և կվնասեն ԱՄՆ-Մեքսիկա հարաբերություններին, ներառյալ թմրանյութերի դեմ պայքարում համագործակցությանը: «Ըստ իս՝ նրանք լիովին չեն հասկանում, թե դա ինչ կարող է նշանակել», -The Washington Post-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակիցը: «Այնտեղ (Մեքսիկայում.-խմբ.) չես կարող նիզակ ճոճել։ Չեմ կարծում, որ այդ մոտեցումը հաջողությամբ կպսակվի»,- համոզմունք է հայտնել ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դանիել Գերշտեյնը։
Ըստ պարբերականի աղբյուրների՝ եթե Ռեթքլիֆը հետախուզական ծառայության ուշադրությունը կենտրոնացնի Լատինական Ամերիկայի վրա, նա Թրամփին ցույց կտա, որ ԿՀՎ-ն վստահելի է և ուշադրություն է դարձնում նախագահի առանցքային հարցերին՝ հանցավորության, թմրանյութերի և անօրինական ներգաղթի դեմ պայքարին։ Ինչպես նշել է Washington Post-ի աղբյուրը, ԿՀՎ-ն «Մեքսիկայում և Կոլումբիայում խոշոր ռեզիդենտներ ունի, սակայն գործակալությունը պետք է ընդլայնի իր ներկայությունը Լատինական Ամերիկայի այլ երկրների մայրաքաղաքներում և ավելացնի աշխատակիցների թիվը Լենգլիում տեղակայված իր կենտրոնակայանում»։





























