Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննություն անցկացնել Աբխազիայում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման փաստով։ Դրա մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

«Հաշվի առնելով գործող օրենսդրության դրույթները՝ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը գլխավոր քննչական վարչությանը հանձնարարել է կազմակերպել դատավարական հետաքննություն Աբխազիայում ՌԴ քաղաքացիներին ուղղված սպառնալիքների և նրանց իրավունքների ոտնահարման փաստով։ Բաժնի պետն անձամբ է վերահսկելու ստուգման ընթացքը»,-ասել է նա։

Ըստ Պետրենկոյի՝ մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են, որ Աբխազիայի նախագահի թեկնածուներից մեկի շահերից ելնելով գործող անձինք տեղի բնակիչներից, նրանց թվում՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողներից, պահանջել են աջակցել կոնկրետ քաղաքական ուժերի։ Միաժամանակ սպառնալիքներ են հնչել Աբխազիայի և Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ։

 «Ըստ ՌԴ Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի՝ օտարերկրացիները, ովքեր հանցագործություն են կատարում Ռուսաստանի Դաշնությունից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության՝ ըստ ՌԴ օրենսդրության, եթե հանցագործությունն ուղղված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու դեմ», - հիշեցրել է Պետրենկոն: