Իշխող  «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն ընթացիկ շաբաթ նախաձեռնում է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը կլինի ԱՄՆ Օտարերկրյա գործակալների գրանցման մասին FARA օրենքի (Foreign Agents Registration Act) ճշգրիտ պատճենը։ Դրա մասին ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Այս շաբաթ կնախաձեռնենք ամերիկյան FARA-ի նման օրենք, որի կապակցությամբ որոշում ենք ընդունել և դրա մասին ավելի վաղ տեղեկացրել ենք հանրությանը»,- ասել է Մդինարաձեն։

Բացի դրանից, ինչպես նշել է Մդինարաձեն, այս շաբաթ կնախաձեռնվի լրատվամիջոցների մասին օրենքը, որը կանդրադառնա կեղծ լուրերի վրա, և կմշակվի՝ հաշվի առնելով Բրիտանիայում գործող համանման օրենսդրությունը։ Ընթացիկ շաբաթ Վրաստանի իշխանությունները միաժամանակ օրինագծեր են նախաձեռնում միգրացիոն քաղաքականության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության խստացման համար։

Օտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրենքն ընդունվել է 2024 թվականի մայիսին։ Ի տարբերություն ամերիկյանի, այն չի վերաբերում ֆիզիկական անձանց։ Այն առնչվում է շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց և լրատվամիջոցներին, որոնց եկամուտը արտերկրից գերազանցում է 20%-ը։ Նման կազմակերպությունները պարտավոր են յուրաքանչյուր տարվա հունվարին Արդարադատության նախարարություն ներկայացնել եկամուտների և ծախսերի հայտարարագիր։ Այդ պարտավորությունը չկատարողները կտուգանվեն 25 հազար լարիով (մոտ 9 հազար ԱՄՆ դոլար)։ Տուգանքից հետո էլ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ուշ հայտարարագրման յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 20 հազար լարի (ավելի քան 7 հազար ԱՄՆ դոլար): Վրաստանի արդարադատության նախարարությանը կից ստեղծվել է արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունների հատուկ ռեգիստր։