Թուրքական բոյկոտի սպառնալիքները ֆրանսիական խոշոր ընկերություններին կարող է ոչ շահեկան իրադրության մեջ դնել, սակայն թուրքական ընկերությունների ղեկավարները եւս անհանգստացած են: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Le Figaro»-ն:

Եթե ֆրանսիական խորհրդարանականները կողմ քվեարկեն ցեղասպանությունների այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին, Թուրքիայի պատասխան քայլերը կարող են առնչվել նաեւ տնտեսական ոլորտին: Սպառողների ասոցիացիան կարող է բոյկոտել  ֆրանսիական ապրանքները, իշխանություններն էլ կարող են ֆրանսիական խմբերին չընդգրկել պետական մրցույթներում:

Սակայն չի կարելի միանշանակ պնդել, որ ֆրանսիական ապրանքներ չգնելու կոչերն անպայման արդյունք կունենան:

«Renault»-ի ներկայացուցիչը նշել է, որ չի վախենում  նման սպառնալիքներից, սակայն ուշադիր հետեւում է իրավիճակին: Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախկին հակասությունները ոչ մի կերպ առեւտրի վրա չեն անդրադարձել:

Եթե ֆրանսիական ընկերությունները բոյկոտից չեն վախենում, ապա կարող են անհարմար դրության մեջ հայտնվել պետական մրցույթների անցկացման ընթացքում:

Որքան էլ հակասական է, բոյկոտի հեռանկարներն անհանգստացնում են նաեւ  թուրք գործատուներին. «Թուրքիայի տնտեսությունը արտահանման ուղղվածություն ունի եւ  արտասահմանյան իր գործընկերների դիվերսիֆիկացիայի կարիքն է զգում` արտադրության եւ աշխատատեղերի պահպանման համար»,- նշել է Թուրք գործատուների ասոցիացիայի նախագահ Ումիթ Բոյները` Փարիզ կատարած այցի ընթացքում: Ֆրանսիան Թուրքիայի արտասահմանյան չորրորդ գործընկերն է: Թուրքիան  2010թ. 5,4 մլրդ եվրոյի արտադրանք է արտահանել Ֆրանսիա:  Նա չի կարող իրեն թույլ տալ զրկվել նման սպառողից, այն դեպքում, երբ տնտեսագետները 2012թ. տնտեսական ակտիվության նվազում են կանխատեսում: