2011 թվականի ընթացքում Հայ ազգային կոնգրեսը ինչպես կորցրեց իր ընտրազանվածի մի մասը, այնպես էլ` գտավ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, վստահեցնելով, որ այդ հանգամանքը որեւէ կերպ կապ չունի ՀԱԿ-իշխանություն երկխոսության հետ:

«Մենք մի կողմից կորցրեցինք, մյուս կողմից ընդլայնեցինք մեր ընտրազանգվածը: Կրոցրեցինք, հիմնականում, մեխանիկական պատճառներով, քանի որ շատ արտագաղթողներ ընդդիմության կողմնակիցներն են, սակայն հասարակության որոշ զանգված միացավ մեր պայքարին` սոցիալական լարվածության պատճառով: Գարնանը մեր ընտրազանգվածը կաճի»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ըստ որոշ քաղաքագետների, ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից հետո Կոնգրեսը կորցրեց իր ընտրազանգվածի մի մասը եւ այլեւս չի կարող դժգոհության հզոր ալիք բարձրացնել, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «Ոչ, ոչ, ոչ... Փետրվար-մարտին կտեսնեք, թե ինչ ալիք կբարձրանա: Կարծում եմ, որ դժգոհության ալիքը եւ ցուցարարների թիվը համադրելի կլինի նախորդ տարվա մարտ-ապրիլի հանրահավաքների հզորության հետ»:

Հարցին, թե կարելի՞ է այդ գործընթացն անվանել «հայկական գարում», թե՞ դա արդեն գրոտեսկ է, Մանուկյանը բացասական պատասխան տվեց: «Ոչ, դա կլինի մոբիլիզացիա, վերածնունդ եւ դա իշխանությունների ապաշնորհության, նրանց արտաքին անհաջողությունների, երկրում սոցիալական լարվածության արդյունքը կլինի, իսկ մենք այդ ընթացքում, բնականաբար, կաշխատենք մարդկանց մոբիլիզացնելու ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ՀՀՇ վարչության նախագահը չի հավատում, որ դրանք կլինեն ազատ, արդան ու թափանցիկ: «Երբ ես ցանկանում եմ տրամաբանորեն պատասխանել, ապա ուզում են հավատալ, հուսալ, որ կլինեն նման ընտրությունները, բայց երբ հարցնում եմ սրտիս, ինտուիցիայիս, նրանք պատասխանում են` «Ոչ»: Այս իշխանություններից ոչ մի լավ բան սպասել պետք չէ, մենք դառը փորձ ունենք»: