ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը «Մարգարա-Ալիճան» սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու վերաբերյալ, որպեսզի Հայաստանը կարողանա մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին։ Այս մասին X սոցցանցում գրել է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի բարձրաստիճան պաշտոնյա Լուի Բոնոն։

«Դա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին»,- ավելացրել է նա։

Երեկ՝ մարտի 21-ին, չորս բեռնատար՝ մարդասիրական օգնությամբ, որոնք նախատեսված էին Սիրիայի համար, հատել են հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը։

«Մարգարա» անցակետը կբացվի մինչեւ մարտի 31-ը։

 Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, միջազգային բեռնափոխադրող ընկերություններից մեկի 4 բեռնատարներ մարտի 21-ին շարժվել են դեպի հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ, որտեղից էլ կմեկնեն Սիրիա։

Հիշեցնենք, որ ի թիվս մի շարք հարցերի, որոնք զեկուցման ենթակա չեն, ՀՀ կառավարությունը մարտի 20-ի նիստում որոշում է կայացրել, ըստ որի՝ մարտի 21-ից մարտի 31-ը կգործարկվի Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը՝ այս երկրի տարածքով Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու համար։ «Հայաստանի եւ Սիրիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաեւ ՀՀ-ից Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը։ Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի անունից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ»,- նշվել է որոշման մեջ։