ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործնախարարների երկօրյա հանդիպումից առաջ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ դուրս բերել զորքերը Եվրոպայից, թեև տարածաշրջանում ռազմական ուժերը պետք է «ավելի ակտիվ դառնան», քանի որ Վաշինգտոնն ավելի շատ կենտրոնանում է Ասիայի վրա, գրում է Bloomberg-ը:
«Միացյալ Նահանգների համար պարզ է, որ ժամանակի ընթացքում նրանք ցանկանում են ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնել աշխարհի այս հատվածին, -շեշտել է Ռյուտեն Բրյուսելում լրագրողների հետ զրույցում: -Հետևաբար, տրամաբանական է, որ Եվրոպան էլ ավելի շատ ջանք թափի»:
Միևնույն ժամանակ նա կրկնել է, որ ԱՄՆ-ը «հավատարիմ է ՆԱՏՕ-ին»։
Ըստ Reuters-ի՝ Ռյուտեն հայտարարել է նաև, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պարտավորվել են այս տարվա առաջին երեք ամիսներին Ուկրաինային տրամադրել ավելի քան 20 միլիարդ եվրո (21,65 միլիարդ ԱՄՆ դոլար) ռազմական աջակցություն:





























