ԱՄՆ Հարկային վարչությունը (IRS) ուրբաթ օրը սկսված հեռացումների շրջանակում նախատեսում է կրճատել մինչև 20․000 աշխատակցի՝ աշխատուժի մինչև 25 տոկոսը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ աղբյուրների:

Աշխատատեղերի կրճատումը կսկսվի IRS-ի Քաղաքացիական իրավունքների և օրենսդրության պահպանման բաժնից, որը աշխատանքից հեռացնելու միջոցով կրճատվելու է 75 տոկոսով, իսկ մնացած աշխատակիցները տեղափոխվելու են  գերատեսչության իրավական խորհրդատուի գլխավոր գրասենյակ:

Քաղաքացիական իրավունքների և օրենսդրության պահպանման բաժնում, որը նախկինում հայտնի էր Արդարության, բազմազանության և ներառման վարչություն, աշխատում է 200-ից պակաս մարդ:

Աշխատուժի կրճատումները Մասկի գլխավորած Պետական կառավարման արդյունավետության վարչության (DOJ) միջոցով դաշնային բյուրոկրատիայի քանակը կրճատելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերի մի մասն են: 

ԱՄՆ Հարկային վարչությունը աշխատակիցների կրճատումը սկսել էր փետրվարին: Փորձաշրջան անցնող մոտ 7000 աշխատակիցներ, որոնք մեկ տարուց պակաս էին աշխատել վարչությունում, ծանուցում էին ստացել  իրենց աշխատանքը կորցնելու մասին: Սակայն դաշնային դատավորը վերջերս կարգադրել է վերականգնել այդ աշխատողներին իրենց պաշտոններում:

Մարտին IRS-ի աշխատակիցներին, որոնք մասնակցում են 2025 թվականի հարկային սեզոնում, հայտնեցին, որ նրանց թույլ չի տրվի ընդունել բաժնետոմսերի գնման մասին Թրամփի վարչակազմի առաջարկը մինչև ապրիլի 15-ը՝ մինչև հարկատուների հայտերի ներկայացման վերջնաժամկետի լրանալը: