Ուրբաթ օրը Թունիսի ոստիկանությունը վերացրել է Սահարայից հարավ գտնվող ճամբարները, որտեղ Աֆրիկայի տարբեր երկրներց եկած հազարավոր անօրինական ներգաղթյալներ էին ապրում։ Այս քայլն արվել է սոցցանցերում նրանց դեմ արշավից հետո:
Մոտ 20․000 ներգաղթյալ վրաններ են տեղադրել Էլ-Ամրի և Ջեբենիանի արևելյան շրջանների դաշտերում, AFP-ին է հայտնել ազգային գվարդիայի ներկայացուցիչ Հուսեմ Էդին Ջեբաբլին:
Նա նշել է, որ տարբեր ազգության մոտ 4000 մարդ լքել է իշխանությունների կողմից մաքրված ճամբարներից մեկը, և որ գործողությունները կշարունակվեն առաջիկա օրերին:
Որոշ ներգաղթյալներ ցրվել են գյուղական տեղանքում, իսկ առողջապահական մարմինները ստանձնել են հղի կանանց և հաշմանդամների խնամքը: Ճամբարները հարուցել են մերձակա գյուղերի բնակիչների բողոքը՝ ուժեղացնելով ճնշումը իշխանությունների վրա: Ջեբաբլին հայտնել է, որ տեղի բնակիչները դատական հայց են ներկայացրել ներգաղթյալների դեմ, որոնք գրավել են իրենց ձիթապտղի այգիները:
Թունիսի նախագահ Կաիս Սաիդը մարտի 25-ին Միգրացիայի միջազգային կազմակերպությանը կոչ է արել արագացնել անօրինական ներգաղթյալների կամավոր վերադարձն իրենց հայրենիք։
Վերջին տարիներին Թունիսը Հյուսիսային Աֆրիկայում հիմնական մեկնակետ է դարձել այն ներգաղթյալների համար, որոնք Եվրոպա հասնելու հույսով հատում են վտանգավոր Միջերկրական ծովը:




























