Բրիտանացի նկարչուհի Սառա Բորդմանը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվանել էր «իսկապես վատագույնը» այն բանից հետո, երբ ծաղրել էր նրա ստեղծած իր դիմանկարը, հայտարարել է, որ այդ քննադատությունը կասկածի տակ է դրել իր ազնվությունը և սպառնում է իր կարիերային, գրում է The Guardian-ը։
Սառա Բորդմանը նկարել է Թրամփի պաշտոնական դիմանկարը Կոլորադո նահանգի կապիտոլիումի շենքի համար, որտեղ այն կախված է եղել 2019 թվականից սկսած վեց տարի: Մարտ ամսին Թրամփը Truth Social-ի գրառման մեջ գրել է, որ դիմանկարը «դիտավորյալ աղավաղված է եղել»: Թրամփն ասել է, որ Բորդմանի նկարած նախկին նախագահ Բարաք Օբամայի դիմանկարը «հրաշալի» էր, բայց «այն, որն իմն է, իսկապես ամենավատն է»:
Միջադեպից հետո իր առաջին հայտարարության մեջ Բորդմանն ասել է, որ Թրամփի մեկնաբանությունները նշանակում են, որ իր «մտադրությունները, ազնվությունն ու հմտությունները կասկածի տակ են դրվել»:
Բորդմանը դատապարտել է նախագահի գանգատները՝ ասելով, որ ինքը «դիմանկարը նկարել է ճշգրիտ՝ առանց դիտավորյալ աղավաղման, քաղաքական կողմնակալության կամ ծաղրանկարելու փորձի»:
Նկարչուհին ասել է, որ թեև ընդունում է Թրամփի քննադատության իրավունքը, սակայն «լրացուցիչ մեղադրանքները, որ ես միտումնավոր եմ աղավաղել դիմանկարը, և որ ես տարիքի հետ, հավանաբար, կորցրել եմ իմ տաղանդը, ուղղակիորեն և բացասաբար են ազդում իմ բիզնեսի վրա, որով զբաղվում եմ ավելի քան 41 տարի և այժմ այն վտանգված է»:
Ի պատասխան Թրամփի քննադատության՝ պաշտոնյաները հայտարարել են, որ դիմանկարը կհեռացվի, և այդպես էլ եղավ: Բորդմանն ասում է, որ դիմանկարը նկարելուց հետո առաջին վեց տարիների ընթացքում ինքը «չափազանց դրական արձագանքներ էր ստանում», սակայն Թրամփի մեկնաբանություններից հետո «ամեն ինչ վատացավ»:
1985 թվականին Բորդմանը Գերմանիայում ուսումնասիրել է հին վարպետների տեխնիկան և հաջող կարիերա սկսել որպես նկարչուհի։ Նա հաղթել է Դենվեր նահանգի կազմակերպած «Կոչ նկարիչներին» համազգային մրցույթում՝ նախագահներ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի պաշտոնական դիմանկարները նկարելու համար:
Բորդմանի հասցեին Թրամփի քննադատությունից հետո նրա ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը հաստատել է, որ Սպիտակ տունը նոր դիմանկար է ստացել Մոսկվայից, որը նվեր էր Վլադիմիր Պուտինի կողմից։
Ուիտկոֆը նկարը նկարագրել է որպես «գեղեցիկ դիմանկար, որը նկարել է ռուս առաջատար նկարիչը»:





























