Ադրբեջանի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը` Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը, մտադիր է 2012-ի մարտի վերջին եւ ապրիլի սկզբին Ադրբեջանում բողոքի խոշոր ակցիա կազմակերպել, ընդ որում նրա կանխատեսմամբ ակցիային կմասնակցեն 100 հազար մարդ: Այդ մասին հայտնել է ինքը` Գուլիեւը, «Բաքու» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Գուլիեւը ասել է, որ համագործակցության առաջարկներ է ստացել ընդդիմադիր կուսակցություններից, ինչպես նաեւ երկրի տարբեր շրջանների լուսավորականության ներկայացուցիչների կողմից: Իր կողմից ստեղծված Դեմոկրատիայի համար մղվող Դիմադրության շարժմանը միանալ ցանկացող մարդկանց թիվը հասնում է մոտ 50 հազարի. «Երկրում ապրողների 80 տոկոսը դեմ է այդ վարչակարգին եւ խոսում է այդ մասին: Սակայն քանի որ հայտնի չէ, թե դրա փոփոխությունը ինչի կարող է հանգեցնել, նրանք դա չեն իրագործում: Կազմակերպվածություն չկա: Եթե կազմակերպչական գործողություններ ընթանան, 50-100 հազար մարդու կարելի է ընդգրկել Ադրբեջանում փոփոխություններ իրականացնելու գործընթացի մեջ: Այժմ այդ գործընթացը մեծ թափ է առել եւ շարունակվելու է», մեջբերում է նրա խոսքերը «Բաքու» տեղեկատվական գործակալությունը:

Նշենք, որ Ռասուլ Գուլիեւը ղեկավարում է «Բաց հասարակություն» կուսակցությունը եւ այժմ էմիգրանտի կարգավիճակով հաստատվել է ԱՄՆ-ում: Նրա անունը վերջերս սկսել է շրջանառվել 2013-ի նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածուների հարցի առնչությամբ: Ըստ էության, հենց դրանով է պայմանավորված Գուլիեւի կողմից ցուցաբերվող անակնկալ ակտիվությունը եւ Ադրբեջանի ներքին խնդիրներին միջամտելու փորձերը: Վերջերս նա հայտնել էր, որ շուտով վերադառնալու է Ադրբեջան, բացի այդ նա հայտարարել էր, որ 2013-ին դառնալու է Ադրբեջանի նախագահ: