Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն համարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքեր սահմանելու որոշմամբ հիասթափվելու կամ անհանգստանալու պատճառ չկա։ Դրա մասին գրում է Detik պորտալը։

«Ամբողջ աշխարհը ցնցված է բազմաթիվ խնդիրներով, ամենուր պատերազմներով, խոշոր երկրների միջև ներքին կռիվներով, որոնցից ամենավերջինը առևտրային պատերազմն է: Դա մեզ վրա նույնպես ազդել է,-նշել է Պրաբովո Սուբիանտոն: -Մենք հանգիստ ենք, քանի որ ունենք ուժ, և կբանակցենք բոլոր երկրների, ներառյալ՝ Միացյալ Նահանգների հետ»,- ընդգծել է Պրաբովո Սուբիանտոն:

Նա հավելել է, որ իրենք ԱՄՆ-ին կհասկացնեն, որ ուզում են լավ, արդար, հավասար հարաբերություններ, հետևաբար խնդիրներ չունեն։

«Ամեն ինչ փոխադարձ է, ուստի եթե այն, ինչ նրանք խնդրում են, ողջամիտ է, մենք ևս դա պետք է հարգենք։ Ամերիկացի առաջնորդները մտածում են Ամերիկայի ժողովրդի շահերի մասին, մենք մտածում ենք մեր ժողովրդի շահերի մասին,- հայտարարել է Ինդոնեզիայի նախագահը։ -Պետք չէ հիասթափվել, պետք չէ անհանգստանալ»։