Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան չի պլանավորում որեւէ պատասխան քայլ ձեռնարկել՝ ի պատասխան ԱՄՆ մաքսատուրքերի եւ հավատարիմ է խնդրի լուծմանը համառ բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով կառավարական աղբյուրներին։

Այդ կապակցությամբ վարչապետ Իսիբան Տոկիոյի իր նստավայրում անցկացրել է համատեղ շտաբի առաջին հանդիպումը՝ ուղղված ԱՄՆ-ի կողմից սահմանված բարձրացված առեւտրային մաքսատուրքերին վերաբերող միջոցառումների մշակմանը: Նա նաեւ նշանակել է տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակաձավային կառավարության հատուկ ներկայացուցիչ Վաշինգտոնի հետ բանակցություններում:

Գործակալության տվյալներով՝ կաբինետի բոլոր անդամների մասնակցությամբ շտաբի նիստում վարչապետն ընդգծել է, որ դիվանագիտական ​​միջոցներով կձգտի վերանայել ճապոնական բոլոր արտահանվող ապրանքների հանդեպ Վաշինգտոնի սահմանած բարձրացված տուրքերը։

Նախօրեին Ճապոնիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ փորձելով համոզել նրան բարձրացված մաքսատուրքերը չեղարկելու անհրաժեշտության մեջ։ Նա, մասնավորապես, անդրադարձել է այն փաստին, որ Ճապոնիան ԱՄՆ-ում ամենամեծ ուղիղ ներդրումներ կատարող երկիրն է։ Կողմերը, ըստ Kyodo-ի, համաձայնության չեն եկել, սակայն պայմանավորվել են հատուկ ներկայացուցիչներ նշանակել բանակցությունները շարունակելու համար։