Թուրքիայից ԱՄՆ եւ մի շարք այլ երկրներ հավի ձվի տպավորիչ ծավալների արտահանումը հանրապետությունում հանգեցրել է այդ ապրանքի գնի կտրուկ աճի։ Ինչպես գրել է Ekonomim թերթը, 2024թ. դեկտեմբերից ներքին շուկայում 30 հատ ձվից բաղկացած փաթեթը կրկնակի թանկացել է՝ միջինը 120 լիրայից հասնելով 250 լիրայի (3,3 դոլարից 6,6 դոլար)։

Որոշ մանրածախ կետերում գինը կարող է հասնել 8  դոլարի 30 ձվի համար: «Օրգանական» պիտակավորված ձվերն արժեն ավելի քան 11 դոլար 30 հատի համար: Ինչպես նշել են ոլորտի ներկայացուցիչները, հանրապետությունում ձվի արտադրության հետ կապված խնդիրներ չկան, սակայն մի շարք պատճառներով առքի եւ վաճառքի գների տարբերությունը շարունակում է աճել, եւ դրա հիմնական պատճառը արտահանումն է։ Ամերիկյան շուկա են մտնում հավի ձվի մեծ ծավալներ։ ԱՄՆ-ում պահպանվում է այս ապրանքի դեֆիցիտը, եւ երկիրը 2024թ. Թուրքիայից գնել է մոտ 74,4 մլն ձու։ Գործող պայմանավորվածությունների համաձայն, գրել է թերթը, մինչեւ 2025թ. հուլիս նախատեսվում է ընդհանուր առմամբ 15 հազար տոննա ձու ուղարկել ԱՄՆ։ Դա մոտավորապես 280 մլն հատ է։ Այս արտահանումները Թուրքիային կբերեն մոտ 26 մլն դոլարի եկամուտ։

Ինչպես նշել են արտադրողները, արտասահմանում եւ հատկապես ԱՄՆ-ում ձու վաճառելը շատ ավելի շահավետ եւ հեշտ է, քան ներքին շուկայում։ Երկրում մեկ ձվի գնման գինը մոտավորապես 3 լիրա է (մոտ 0,07-0,08 դոլար), սակայն մանրածախ ցանցերում մեկ ձուն արդեն արժե մոտ 9 լիրա (0,3 դոլար): Արժեքի այս աճը տեղի է ունենում միջնորդների շնորհիվ եւ անշահավետ է արտադրողների համար:

Մինչդեռ ԱՄՆ-ը ձու է գնում, ինչպես ասում են արտադրողները, առանց գների վրա ուշադրություն դարձնելու, քանի որ նրանց շուկայում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։ Արտադրանքի արտահանումը նաեւ շահավետ է, քանի որ այս դեպքում արտադրողն անմիջապես ստանում է ամբողջ գումարը կանխավճարով եւ գործնականում չի կանգնում վերադարձի խնդրի առաջ։ Ընդ որում, արտադրանքը ներքին շուկա առաքելիս, ելնելով գործող կանոններից եւ առանձնահատկություններից, արտադրողը առաքված խմբաքանակի համար վճար է ստանում միայն 3-4 ամիս հետո:

Նշվել է, որ ձմռան սեզոնին Թուրքիայում ձվի արտադրության ծավալները բնական պատճառներով որոշակիորեն նվազում են։ Կարգավորողները, հետեւաբար, փորձել են սահմանափակել արտահանումը` կրճատելով սուբսիդիաները: Այնուամենայնիվ, դա արդյունավետորեն չի զսպլց գների աճը, քանի որ արտերկրում ձվի պահանջարկը, մասնավորապես, Միացյալ Նահանգներում, չինվազել՝ չնայած բարձր ծախսերին: