Սինգապուրը մտավախություն ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը կառաջացնեն համաշխարհային առեւտրային պատերազմ, որը հատկապես վնասակար կլինի առեւտրի վրա հիմնված փոքր երկրների համար: Այս մասին Financial Times թերթի հարցազրույցում ասել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանը։

«Մեր ամենամեծ մտավախությունն այն է, որ նման քաղաքականությունը կցնցի համաշխարհային առեւտրային համակարգը»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ այդ դեպքում իրավիճակը կդառնա «շատ թշնամական փոքր երկրների», այդ թվում՝ Սինգապուրի համար ։ «Սա համաշխարհային առեւտրային պատերազմ է, որից մենք իսկապես վախենում ենք»,- ասել է արտգործնախարարը։

Բալակրիշնանը նաեւ կարծում է, որ առեւտրային պատերազմը սկսվել է «ամենավատ պահին ե՛ւ Չինաստանի, ե՛ւ նրա առեւտրային գործընկերների համար», ներառյալ Սինգապուրը:

Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) անդամ Սինգապուրից ԱՄՆ ապրանքների ներմուծման մաքսատուրքը կկազմի 10 տոկոս, իսկ Ֆիլիպիններից՝ 17։ Լաոսի հետ կապված լրացուցիչ տուրքերը կհասնեն 48 տոկոսի, Վիետնամի դեպքում՝ 46, Ինդոնեզիայի՝ 32, Մալայզիայի դեպքում՝ 24 տոկոսի։