Թերթը գրում է, որ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը «ՉԻ»–ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՔԾ–ի կողմից երեկ ներկայացված մարտի մեկի վերաբերյալ զեկույցը՝ նշեց, որ ինքն ու իր ղեկավարած հանձնախումբը զեկույցին կարձագանքեն հունվարին։ «Ջհանգիրյանը նշեց, որ ըստ էության իշխանությունները նպատակաուղղված են այդ զեկույցը հրապարակել հենց այս օրերին, որպեսզի տոների կապակցությամբ զբաղված մարդիկ չհասցնեն նորմալ ուսումնասիրել այն։ Այդ պատճառով էլ Կոնգրեսը տոներից հետո մանրամասն կուսումնասիրի զեկույցը և անպայման կներկայացնի իր տեսակետները:

Իր հերթին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «ՉԻ»–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՔԾ զեկույցին՝ նշեց, որ «ծանոթանալով զեկույցի մեջ նշված այն դրվագների հետ, որոնք առնչվում են իր անձին, կարող է ասել, որ բերված փաստերի 90 տոկոսը սուտ է»: «Եվ արդեն միայն դրանով կարող եմ եզրակացնել կամ գնահատել ամբողջ զեկույցի որակը։ Հետաքրքրական է, որ չնայած «7»–ի գործով փաստաբանները միջնորդել են, որ ինձ հարցաքննեն, քննությունը դա չի արել, ինչից հետեւում է, որ քննության նպատակը եղել է հաստատել իրենց մոգոնած վարկածը»,– նշեց Զուրաբյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: