«Յունիբանկը» նոր մասնաճյուղերի ստեղծմանը զուգահեռ, նախատեսում է լրացուցիչ բացել նաեւ սահմանափակ գործառնություններով սպասարկման կետեր, որոնք կմասնագիտանան հաճախորդների հաշվարկադրամարկղային սպասարկման գործում: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Մասնավորապես, նոր ձեւաչափի մասնաճյուղերը կիրականացնեն դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումների ընդունում, արտարժույթի փոխանակում եւ այլն:

Սահմանափակ գործառնություններով լրացուցիչ սպասարկման կետերի բացումն իրականացվում է  բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնման եւ արդիականացման ծրագրի շրջանակներում: Առաջին փուլում` մինչեւ 2012թ. առաջին եռամսյակը, հաճախորդների սպասարկումը կսկսեն նոր ձեւաչափի երկու մասնաճյուղեր Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում (Բանգլադեշ) եւ Արմավիր քաղաքում:  

Նոր ձեւաչափով սպասարկման կետերը կոչված են նպաստելու մասնաճյուղերի ծանրաբեռնվածության նվազմանը` ապահովելով արագ եւ որակյալ սպասարկում բանկի գործունեության ծավալների մեծացման պարագայում: Բացելով սպասարկման նոր կետեր, «Յունիբանկը» ձգտում է բնակչության համար ապահովել բանկային ծառայությունների առավելագույն հասանելիություն եւ «տան մոտ» սպասարկվելու հնարավորություն: Հաշվի առնելով այս հանգամանքը` բանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն շրջաններին, որտեղ բանկային ենթակառուցվածքը թերզարգացած կամ ընդհակառակը` ծանրաբեռնված է:

Այսօր Յունիբանկն ունի 39 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: