Սիրիան դարձել է խոսակցությունների թիրախ: Այդ մասին դեկտեմբերի  28-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր լիազոր Մամուն Հարիրին: 

Այդ խոսակցության նպատակը եղել է Սիրիային ոչնչացնելու եւ սիրիացի ժողովրդի միասնությունը վերացնելու փորձը, նշել է դիվանագետը` հավելելով, որ եթե այդ փորձերը հաջողությամբ պսակվեն, ապա դրա արդյունքները կանդրադառնան ամբողջ տարածաշրջանի վրա: Սիրիացի դիվանագետը ներկայացրել է երկրում ստեղծված իրադրությունը ճգնաժամից սկզբնավորումից սկսած, երբ փողոցներում հայտնվեցին խաղաղ ցուցարարներ, ովքեր պահանջում էին բարեփոխումների անցկացում եւ մի շարք բանտարկյալների ազատ արձակում:

Պատասխանը եղել է նախագահ Բաշար Ասադի որոշումը մի շարք նահանգապետերի եւ սպաների հրաժարականի վերաբերյալ, նա փոխեց կառավարությունը եւ փոփոխություններ իրականացրեց օրենսդրության մեջ: Բայց դեպքերը շարունակում էին զարգանալ, եւ խաղաղ ցուցարարների շարքերում սկսեցին հայտնվել զինված մարդիկ, ովքեր փաստացի փորձում էին հրահրել կողմերին. նրանք սկսեցին կրակել ուժային կառույցների աշխատակիցների, այնուհետեւ հենց ցուցարարների վրա, եւ դրանք ներկայացրեցին որպես իրավապահների ձեռքի գործ:

Եվրոպայում հայտնվեցին մարդիկ, ովքեր դա անվանում էին «արտաքին ընդդիմություն», որի ներկայացուցիչները ապաստան գտան Թուրքիայում: Այդ ամենը ուղեկցվում էր արտասահմանյան լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությամբ, որտեղ տաս մարդու մասնակցությամբ ցույցը ներկայացվում էր որպես բազմահազարանոց ցույց` ուղղված Սիրիայի իշխանությունների դեմ, բայց չէր ներկայացվում երկրի նախագահի օգտին կազմակերպվող բազմամիլիոնանոց ցույցը: Փորձեր ձեռնարկվեցին, ՄԱԿ-ի    ԱԽ-ի կողմից բանաձեւ ընդունել Սիրիայի հարցով. «Բայց մեր ընկերները` ՌԴ-ն եւ Չինաստանը, ինչպես նաեւ Հնդկաստանն ու Բրազիլիան», խոչըդոտեցին դրան, նշել է դիվանագետը` ընդգծելով, որ ընդունված բանաձեւը աղետալի կլիներ Սիրիայի համար:   

Սիրիացի դիվանագետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին եւ ժողովրդին, որ «նրանք եղել են Սիրիայի ժողովրդի կողքին այդ ծանր պահին»: Նրա խոսքով, պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ, բոլորը օժանդակություն էին հայտնում Սիրիային: Այդ առումով նա նաեւ նշել է Սիրիայում հայկական խոշոր սփյուռքի դերակատարությունը. դրանք հայկական ծագման սիրիացիներն են, եւ երկրին վերաբերվող բոլոր դժվարությունները վերաբերվում են նաեւ նրանց:

Պատասխանելով 2012 -ի կանխատեսումների վերաբերյալ հարցին` Մամուն Հարիրին նշել է, որ Սիրիայի իշխանությունները ջանքեր են գործադրում, որպեսզի կայանա արդեն սկսված երկխոսությունը ընդդիմության հետ, որպեսզի որոշում ընդունվի, որը ընդունելի կլինի բնակչության բոլոր շերտերի համար, որպեսզի վերջ տրվի երկպառակությանը եւ Սիրիան դառնա նախկինը` խաղաղության եւ սիրո Սիրիան: