Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը մեկնարկելու է 2012 թվականի հունվարի 9-ին: Նման որոշում է կայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Ըստ դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքի, նիստը սկսվելու է հունվարի 9-ին, ժամը 11:30-ին: Մեղադրող դատախազը Հարություն Հարությունյանն է:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ «Մարգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին եւ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է իրեն վստահված, ճանապարհային ոստիկանությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում:
Ստեփան Կարախանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, միջոցներ տրամադրելով եւ խոչրնդոտներ վերացնելով, օժանդակել է ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Սարգար Օհանյանին պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վերջինիս վստահված ՀՀ ոստիկանության ՃՈ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանր, բացի այդ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է իրեն վստահված՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առանձնապես խոշոր չափերով գույքր, որպիսի գործողություններն արտահայտվել են հետեւյալում։
Արա Լեւոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ, միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտները վերացնելով օժանդակել է ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Մարգար Օհանյանին՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, նրան վստահված՝ ՀՀ ոստիկանության ՃՈ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանը։
Սամվել Մախմուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա աշխատելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքում որպես տեխնիկ, միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Մարգար Օհանյանին պաշտոնեական ղիրքի օգտագործմամբ, վերջինիս վստահված՝ ՀՀ ոստիկանության ՃՈ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանը»,- նշված է մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով Հայաստանի գլխավոր դատախազությանը, Մարգար Օհանյանը յուրացրել էր ճանապարհային ոստիկանությանը հատկացված 574 հազար 420 լիտր բենզինը կտրոնների տեսքով` հասցնելով մոտ 160 մլն դրամի վնաս:




























