Իրանը մոտ չէր միջուկային զենքի ստեղծմանը և սպառնալիք չէր ներկայացնում ԱՄՆ-ի համար, իսկ իրանա-ամերիկյան բանակցությունները կարող էին հաջողությամբ ավարտվել։ Այս մասին հայտնել է ամերիկացի սենատոր Քրիս Մերֆին (դեմոկրատ, Կոնեկտիկուտ նահանգ)։

«Անցյալ շաբաթ ինձ տեղեկացրել են հետախուզական տվյալների մասին։ Իրանն անմիջական սպառնալիք չէր ներկայացնում Միացյալ Նահանգներին և մոտ չէր առաքման համար պիտանի միջուկային զենքի ստեղծմանը»,- գրել է նա X-ում։ Սենատորը նաև հավելել է, որ «Իսրայելը խափանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաջողության հնարավորություն ունեցող բանակցությունները»։

Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հաջող հարձակում է իրականացրել «Իրանի երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի» վրա։ Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի հակամարտության դադարեցմանը։ Մինչև այդ՝ հունիսի 13-ից, Իրանին ամեն օր հարվածներ էր հասցնում Իսրայելը։ Նրա գործողության նպատակ էր հայտարարվել հանրապետության հրթիռային և միջուկային ծրագրերի ոչնչացումը։