Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսադեմին Իրանի մի շարք միջուկային օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի հասցրած հարվածները, որոնք հաջորդել են Իսլամական Հանրապետության վրա իսրայելական հարձակումներին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ինքնիշխան պետության տարածքը հրթիռառմբային հարվածների ենթարկելու անպատասխանատու որոշումը, ինչպիսի փաստարկներով էլ այն հիմնավորվի, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որը նախկինում միանշանակ որակել է նման գործողություններն անթույլատրելի։ Հատուկ մտահոգություն է հարուցում, որ հարվածներն իրականացրել է մի երկիր, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ։
Այս գործողության հետևանքները, այդ թվում՝ ճառագայթային, դեռ պետք է գնահատվեն։ Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ սկսվել է վտանգավոր էսկալացիայի փուլ, որը հղի է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հետագա խաթարմամբ։ Էականորեն աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման ռիսկը, որն առանց այն էլ համակված է բազմաթիվ ճգնաժամերով։
Հատուկ անհանգստություն է առաջացնում այն վնասը, որը իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումների հետևանքով հասցվել է միջուկային զենքի չտարածման համաշխարհային ռեժիմին, որը հիմնված է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) վրա։ Իրանին հասցված հարվածները հսկայական վնաս են հասցրել ՄԶՉՊ-ի հեղինակությանը և դրա վրա հիմնված ՄԱԳԱՏԷ-ի ստուգման և մոնիթորինգի համակարգին։
Գործակալության ղեկավարությունից ակնկալում ենք շուտափույթ, պրոֆեսիոնալ և ազնիվ արձագանք՝ առանց շրջանցիկ արտահայտությունների և քաղաքական «հավասարահեռության» հետևում թաքնվելու փորձերի։ Անհրաժեշտ է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի օբյեկտիվ զեկույց՝ Գործակալության հատուկ նստաշրջանում քննարկելու համար, որը պետք է տեղի ունենա ամենասեղմ ժամկետներում։
Իհարկե, պարտավոր է արձագանքել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Անհրաժեշտ է հավաքականորեն մերժել ԱՄՆ-ի և Իսրայելի կոնֆրոնտացիոն գործողությունները։
Կոչ ենք անում դադարեցնել ագրեսիան, ակտիվացնել ջանքերը՝ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական հուն վերադարձնելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- նշվում է ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։