Իսրայելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով ոչնչացրել է իրանական մի քանի ՀՕՊ համակարգեր՝ իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածներից 48 ժամ առաջ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թրամփը այս խնդրանքը ներկայացրել է այս շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Ինչո՞վ կարող ենք օգնել»,- հարցրել է վարչապետը ամերիկացի առաջնորդին՝ այդ ժամանակ նախապատրաստվող ԱՄՆ հարվածի քննարկման ժամանակ, ինչպես նշում է պորտալը։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը ընդգծել է, որ ցանկանում է, որ Իսրայելի զինված ուժերը ոչնչացնեն երկրի հարավում գտնվող հնարավորինս շատ իրանական ՀՕՊ համակարգեր՝ B-2 ռազմավարական ռմբակոծիչների երթուղին ապահովելու համար։ Այնուհետև ԱՄՆ-ն Իսրայելին տրամադրել է ՀՕՊ համակարգերի ցանկ, որոնք պետք է ոչնչացվեն հարվածից առաջ։

Հունիսի 19-ին, ըստ Axios-ի աղբյուրի, հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացին հստակեցրել են, որ Վաշինգտոնը պատրաստ է իրականացնել գործողությունը։ «ԱՄՆ գործողության մեկնարկից քառասունութ ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի հարվածներ է հասցրել այդ տարածքում՝ Իրանի պաշտպանությունը թուլացնելու համար», - նշել է աղբյուրը։

Axios-ը նշում է, որ Իրանին հարվածելուց հետո Թրամփը զանգահարել է Նեթանյահուին՝ գործողության արդյունքների մասին տեղեկացնելու համար։ Նախագահը վարչապետին ասել է, որ Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացումից հետո իր հաջորդ նպատակը Թեհրանի հետ համաձայնության գալն ու խաղաղություն ապահովելն է։ «Նախագահը չի ցանկանում շարունակել հարվածները Իրանի դեմ, - ասել է աղբյուրը։- Նա պատրաստ է դա անել, եթե իրանցիները հակահարված տան ամերիկյան զորքերին, բայց նա Նեթանյահուին ասել է, որ խաղաղություն է ուզում»։ «Մենք դեռ չգիտենք, թե ինչպես կարձագանքեն իրանցիները, և դա կարող է ամեն ինչ փոխել»,- ընդգծել է Axios-ի աղբյուրը՝ Իսրայելի կառավարությունում։