Վերջերս սկսված Շուշիի արվեստների ծրագիրը հանդես է եկել իր առաջին միջոցառմամբ` հունվարի 15-ին Լոս Անջելեսում բարեգործական համերգով: «Մենություն» համերգի ժամանակ ելույթ են ունեցել Վահագնը եւ նրա խումբը: Այս մասին հաղորդում է  «Asbarez»-ը:

Մրցանակների դափնեկիր կիթառահար եւ կոմպոզիտոր Վահագնը ղեկավարել է իր ֆլամենգո-ջազային անսամբլը (դաշնակահար` Վահան Հովսեփյան, թավջութակահար` Արտեմ Մանուկյան, հարվածային` Զակ Հարմոն, բաս` Համիլթոն Փրայս եւ հրավիրված` Ժերալդ Մորալես ): Կատարումների մեծ մասը Վահագնի «Մենություն»  նոր ալբոմից էր:

Համերգից ստացված եկամուտը փոխանցվելու է 2012 թվականին Շուշիի արվեստների ծրագրի «Երկիր եւ տեխնոլոգիա» ցուցահանդեսի կազմակերպմանը: Այս մասին հայտնել է գործադիր տնօրեն Հարրի Որբերյանը:  «Երկիր եւ տեխնոլոգիա» միջազգային փառատոնը տեղի կունենա Շուշիում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, հոկտեմբերի 1-14-ը, որտեղ կարելի է տեսնել ավելի քան 15 նկարիչների աշխատանքներ ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Հայաստանից:

«Երկիր եւ տեխնոլոգիա» ցուցահանդեսից բացի , 2012 թվականի ամռանը նախատեսված է խոշոր համատեղ համերգ` «Գովերգ Կոմիտասին»:  Աշխարհի տարբեր երկրների երաժիշտների մասնակցությամբ համերգը հարգանքի տուրք է հռչակավոր կոմպոզիտոր Կոմիտասին: Կհնչեն նրա ստեղծագործությունների նոր մեկնաբանությունները: